‘
Հայաստանի արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարություններին հարկավոր է դատել ցրտահարությունների վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար` այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Նրա խոսքով, օրերս ԱԻՆ-ը տեղեկություններ տարածեց սիբիրյան ցիկլոնի մոտալուտ գալիքի մասին, որը Հայաստան կհասնի հոկտեմբերի 27-29-ին, ինչի հետեւանքով օդի ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով: Գյուղնախարարությունը գյուղացիներին խորհուրդ տվեց երկու օրվա ընթացքում հավաքել ողջ բերքը: Արդյունքում` բերքահավաքը տեղի ունեցավ ժամանակից շուտ, իսկ ցրտահարությունների վերաբերյալ տեղեկությունները սուտ դուրս եկան: Պատգամավորը կարծում է, որ այդ գերատեսչությունները պետք է պատժվեն, քանի որ գյուղացիներին սպասվում են մեծ վնասներ, որովհետև նրանք բերքը հավաքեցին ժամանակից շուտ, բայց դրանք արագ իրացնել չեն կարողանա, և հավաքված բերքը կփչանա: «Կաղամբը և մյուս կուլտուրաները կսկսեն փչանալ, ինչի արդյունքում մեզ սպասում է դեֆիցիտը»,- ասել է Խաչատրյանը:
‘