Պատերազմը՝ որպես սխալ հաշվարկի արդյունք․ Առավոտ

647

Այս օրերին համացանցում շատ են հուզական մեկնաբանությունները՝ Արցախյան երկրորդ պատերազմի սկզբի տարելիցի հետ կապված: Մեր հայրենակիցների զգացմունքները հասկանալի են, ցանկացած նորմալ մարդ այդ զգացմունքներն ապրում է: Բայց նրանք, ովքեր, իր հեճուկս բոլոր հանգամանքների, պատրաստվում են ապրել Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, պարտավոր են առաջ նայել, իսկ դրա համար պետք է հասկանալ, թե որոնք էին անցած պատերազմի պատճառները: Դա կարեւոր է, քանի որ, ի տարբերություն ներկայիս իշխանությունների, ես չեմ կարծում, որ մեզ խաղաղ ժամանակաշրջան է սպասվում:

Վերջերս ես լսեցի ամերիկացի հայտնի պատմաբան Սթիվեն Քոթքինի դասախոսություններից մեկը, եւ նրա ձեւակերպումներից մեկն ինձ դուր եկավ. «Պատերազմը դժբախտ պատահար չէր, պատերազմը սխալ հաշվարկի արդյունք էր»: Խոսքը տվյալ դեպքում Առաջին համաշխարհային պատերազմի մասին էր, նա նկատի ուներ, որ այդ պատերազմից, ի վերջո, ոչ ոք չէր շահել՝ ո՛չ հաղթողները, ո՛չ պարտվողները, եւ եթե Ավստրո-Հունգարիան, Բրիտանիան, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, մյուս խաղացողներն իմանային, թե պատմական քիչ թե շատ երկար հեռանկարի առումով ինչ է լինելու նրանց եւ աշխարհի հետ, այդ պետությունները պատերազմ չէին սկսի ու դրա մեջ չէին ներգրավվի: Կա նաեւ ինչ-որ «անհոգություն», համոզմունք, թե իբր տվյալ պետության գործողությունները գուցեեւ լայնամասշտաբ պատերազմի չեն հանգեցնի: Այս ամենը սխալ հաշվարկի հետեւանք է:

Ես արդեն առիթ եմ ունեցել գրելու, թե մեր ո՛ր թուլություններից, ինչպես նաեւ հիմնական խաղացողների ո՛ր դիրքորոշումներից է օգտվել Ադրբեջանը՝ պատերազմ սկսելով: Հիմա այդ երկիրը (պաշտոնական ձեւակերպումներով, համենայնդեպս) տոնում է իր «հաղթանակը», «տարածքային ամբողջականության վերականգնումը»: Բայց արդյո՞ք Ալիեւը հաշվարկել է, թե հետագա տարիների, տասնամյակների ընթացքում ինչ հետեւանքների կբերի ռուսական զորքի ներկայությունն Արցախում, ինչպես նաեւ, մյուս կողմից, Թուրքիայից կախվածության մեծացումը: Բայց դրա մասին թող ադրբեջանցիները մտածեն:

Դառնալով մեզ, կարող եմ վստահաբար ասել, որ վերջին պատերազմը Հայաստանի երկրորդ, երրորդ եւ չորրորդ ղեկավարների սխալ հաշվարկի արդյունք էր: Չեմ ուզում խորանալ այդ հարցի մեջ, բայց ինձ համար ակնհայտ է, որ 1998 թվականից սկսած մենք ընկանք երեւակայական պատկերների գիրկը ու, ցավոք, այդ տրամադրությունները պահպանվել նաեւ այսօր: Այժմ նորից հաշվարկելու ժամանակն է՝ ինչ է պետք անել՝ նոր պատերազմը կանխելու համար: Ակնհայտ պատասխաններն են՝ բանակն ուժեղացնել, ԱԹՍ-ներ գնել, երկրի տնտեսությունը զարգացնել: Այդ ամենն անհրաժեշտ է, բայց դա, վերջին հաշվով, դարձյալ սխալ հաշվարկ է, որովհետեւ դա կարող է լինել հետեւանք, ոչ թե հիմք: Աֆղանական բանակն ուներ ե՛ւ ԱԹՍ-ներ ե’ւ այլ գերժամանակակից զենքեր, իսկ թալիբները դրանք չունեին: Այդ բանակը պարտվեց, որովհետեւ չկա աֆղանական ազգային ինքնություն, որի հիման վրա կառուցվում է պետությունը: Մնացածը՝ մեկ ուրիշ անգամ:

…Երեկ իշխանությունն ու ընդդիմությունը իրենց PR ակցիաներն էին անցկացնում պատերազմի մեկ տարվա տարելիցի կապակցությամբ, իսկ իրենց քարոզիչները հակառակ կողմին մեղադրում էին դավաճանության մեջ: Դա էլ իրենց գործն է: Թող զբաղվեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առավոտ

Նախորդ հոդվածը18-ամյա Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 772 նոր դեպք, 13 մահ