‘Պատմաբան. Երկար տարիներ պահանջելով բացառապես Ցեղասպանության դատապարտում`հայերն ընթացել են ռազմավարապես սխալ ուղղությամբ’

1117

Երկար տարիներ պահանջելով բացառապես Հայոց ցեղասպանության փաստի դատապարտում` հայերն ընթացել են ռազմավարական առումով սխալ ուղղությամբ: ԱրմԻնֆո լրատվական գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:

«Թեև այդ ուղեգիծը կարելի է արդարացնել այն բանով, որ Հայկական ԽՍՀ-ն, չլինելով միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, չէր կարող միջազգային դատական ատյաններում բարձրացնել փոխհատուցման հարցը: Այդ պատճառով խնդրով զբաղվել է հայկական սփյուռքը, որը նույնպես, չունենալով այդ լիազորությունները, կարող էր հասնել միայն որոշ երկրների խորհրդարանների կողմից այդ փաստի ճանաչման: Սակայն, 1991 թվականից ի վեր, երբ Հայաստանը ՄԱԿ-ի լիարժեք անդամ դարձավ, միանալով 1948 թ. «Ցեղասպանությունների կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիային, բացվեց փոխհատուցման խնդրի լուծման իրավական ճանապարհը»,- նշել է նա:

Պատմաբանը նշել է, որ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով նախորդ երկու տասնամյակում հայերը չէին կարող դա անել: Նրա խոսքով, փոխհատուցումն արդեն իր մեջ պարունակում է ճանաչում և դատապարտում, քանի որ փոխհատուցման պահանջն արդեն ենթադրում է Ցեղասպանության փաստի ճանաչման և դատապարտման անվիճարկելիություն: Գործընթացի երրորդ հարթությունը, Մարուքյանի կարծիքով, արդեն այդ հանցանքի համար փոխհատուցման բուն գործընթացն է: Պատմաբանը վստահ է, որ փոխհատուցումը պետք է տեղի ունենա հինգ հիմնական ուղղությամբ, քանի որ Ցեղասպանության հետևանքները հայ ժողովրդի համար կարելի է 5 խմբի բաժանել:

«Առաջինը` հայրենազրկում, ինչը տեղի է ունեցել հայերին ոչնչացնելու և նրանց պատմական տարածքներին տիրանալու թուրքերի ձգտման արդյունքում: Երկրորդ խումբը վերաբերում է 1,5 մլն զոհված հայերին և նրանց չծնված ժառանգներին` հաշվի առնելով, որ 100 տարվա ընթացքում չորս սերնդափոխություն է տեղի ունեցել: Երրորդը վերաբերում է Արևմտյան Հայաստանում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը` պատմական հայրենիքում մեր հետքերը ոչնչացնելու նպատակով: Չորրորդ խումբը ներառում է նյութական կորուստները, քանի որ հայերի ոչնչացմանը զուգահեռ իրականացվել է հայ ժողովրդի ունեցվածքի զանգվածային բռնագրավման պլանաչափ քաղաքականություն»,- հայտարարել է նա:

 Պատմաբանն ընդգծել է, որ այսօրվա թուրքական տնտեսության հիմքում այդ թվում ընկած են նաև հայերից բռնագրավված միջոցները, անշարժ գույքը և ունեցվածքը: Եվ պատահական չէ, որ 20-ական թթ. թուրքական իշխանությունները հայերի, այսպես կոչված, «լքված ունեցվածքի» ազգայնացմանն ուղղված մի շարք օրենքներ են ընդունել: Եվ, վերջապես, հինգերորդ հետևանքը թուրքերի կողմից Ցեղասպանության իրականացման հետևանքով հայերի մոտ առաջացած ու մինչ օրս դրսևորվող հոգեբանական բարդություններն են: «Չնայած հանուն արդարության նշեմ, որ մենք աստիճանաբար ազատվում ենք դրանցից: Միայն այն փաստը, որ այդ հանցագործության 100-ամյակի նախաշեմին մենք վճռականորեն մտադիր են հասնել փոխհատուցման, վկայում է այն մասին, որ հայ ժողովուրդն աստիճանաբար զոհից վերածվում է դատավորի` պահանջելով պատիժ կատարված հանցագործության համար»,- ամփոփել է Մարուքյանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանը մտադիր է զարգացնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերը’
Հաջորդ հոդվածը‘Չեդ Էվանսը բանտում է անցկացրել իր պատժաչափի ուղիղ կեսը և ժամանակից շուտ ազատ է արձակվել. Նա կմասնակցի իր նախկին թիմի՝ «Շեֆիլդ Յունայթեդի» մարզումներին’