‘Պատմությունը չի ներում փաստերի խեղաթյուրումը’

6601

Օրեր առաջ «Голос Армении» թերթում Վիկտոր Համբարձումյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի մասին Է. Շահիրյանի հեղինակած մի հրապարակմանն արձագանքել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ինչը ներկայացնում ենք ստորև:

Պատմությունը չի ներում փաստերի խեղաթյուրումը

 

«Գոլոս Արմենիի» թերթի՝ ս.թ. նոյեմբերի 11-ի համարում ես ծանոթացա Է. Շահիրյանի՝ «Համբարձումյանը հեռացավ վիրավորված» կարճ հոդվածի հետ, որում զետեղված էին Վիկտոր Համբարձումյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի լուսանկարները: Հոդվածագրի կարծիքով՝ Վիկտոր Համբարձումյանը դարձավ այն ժամանակվա նախագահ Տեր-Պետրոսյանի հետապնդումների զոհը և հեռացավ Ակադեմիայի նախագահի պաշտոնից «ամոթալի շահարկումների և մտացածին քննադատությունների արդյունքում»: Մտահոգված լինելով, որ այս՝ փաստերի խեղաթյուրմամբ հրամցված ապատեղեկատվությունը կարող է նյութ դառնալ ապագա պատմաբանների համար, ես որոշեցի արձագանքել այդ հոդվածին այն սերնդի անունից, որը մասնակից է եղել այդ իրադարձություններին, և ընթերցողներին տրամադրել հավաստի տեղեկատվություն:

Մեծանուն գիտնական և երկար տարիներ Գիտությունների ակադեմիան գլխավորած Վիկտոր Համբարձումյանի համար 85 տարեկանում արդեն դժվար էր շարունակել իր բազմակողմանի գործունեությունը, և նա որոշում կայացրեց թողնել Ակադեմիայի նախագահի պաշտոնը: Այս կապակցությամբ նա դիմեց հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս ցանկություն հայտնեց լսել գիտական հանրության կարծիքն ու վերաբերմունքը:  Ակադեմիայում տեղի ունեցած ընդհանուր ժողովում հարցը բարձրացվեց հենց Վիկտոր Համբարձումյանի կողմից: 1993թ. Համբարձումյանը գնաց թոշակի՝ պահպանելով բոլոր իրավունքները: Տեր-Պետրոսյանի հավանությամբ և բացառապես միայն Վիկտոր Համբարձումյանի համար հիմնվեց Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահի կոչումը:

Կուզենայի ներկայացնել մեկ փաստ ևս: Մի քանի տարի անց՝ 1996թ., Ակադեմիայում պետք է տեղի ունենային ակադեմիայի նոր անդամների ընտրություններ: Այդ ժամանակ Համբարձումյանն ապրում էր Աշտարակում, դստեր՝ Կարինեի մոտ, և նա իր փեսա Յ. Շահբազյանի միջոցով խնդրեց իրեն փոխանցել Լևոն Տեր-Պետրոսյանի գիտական գործունեության մասին նյութեր, որպեսզի առաջադրի նրա թեկնածությունը ակադեմիայի անդամի ընտրություններում: Համաձայն Ակադեմիայի կանոնադրության՝ ակադեմիայի անդամի ընտրությունների մասնակցելու համար անհրաժեշտ է առաջարկվող թեկնածուի գրավոր համաձայնությունը: Հետևաբար, առանց Լևոն Տեր-Պետրոսյանի համաձայնության՝ հնարավոր չէր առաջադրել նրա թեկնածությունը: Ակադեմիայի այն ժամանակվա նախագահ Ֆադեյ Սարգսյանն ինձ հանձնարարեց զբաղվել այս հարցով, քանի որ ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցերը գտնվում էին Ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարի իրավասությունների ոլորտում, իսկ այդ պաշտոնը զբաղեցնում էի ես:

Կանոնադրության վերը նշված կետի մասին ես տեղեկացրի Վիկտոր Համբարձումյանին, ինչից հետո նրա միջնորդությամբ ինձ ընդունեց նախագահ Տեր-Պետրոսյանը: Ես տեղեկացրի հանրապետության նախագահին Վիկտոր Համբարձումյանի մտադրության մասին: Ուշադիր լսելով ինձ՝ Տեր-Պետրոսյանը տվեց երկու հարց. ի՞նչ կարծիք կա այս կապակցությամբ հայագետների շրջանում, և ի՞նչ կարծիք ունեմ անձամբ ես: Ես պատասխանեցի. «Հայագետները դրական են տրամադրված այս հարցում, իսկ ես հակված եմ նրան, որ դուք համաձայնություն տաք առաջադրմանը, բայց կարող եք հանել ձեր թեկնածությունը ընտրություններից առաջ»: Տեր-Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց անկեղծ պատասխանի համար և ավելացրեց, որ չկա ոչ առաջադրման, ոչ թեկնածությունը հանելու, ոչ էլ ընդհանրապես այս հարցը բարձրացնելու անհրաժեշտություն, քանի դեռ ինքը զբաղեցնում է հանրապետության նախագահի պաշտոնը: Նա նաև այս մասին տեղեկացրեց Վիկտոր Համբարձումյանին՝ նրան հայտնելով իր երախտագիտությունը:

Ավելորդ է նշել, որ եթե Վիկտոր Համբարձումյանը գեթ փոքր-ինչ դժգոհություն ունենար Տեր-Պետրոսյանի վերաբերմունքից, երբեք չէր երաշխավորի/առաջադրի նրա թեկնածությունը Ակադեմիայի անդամ դառնալու համար:

Հոդվածի վերջում լրագրողը ընթերցողի ուշադրությունն է հրավիրում Վիկտոր Համբարձումյանի՝ Բյուրականում տեղի ունեցած ավելի քան համեստ հուղարկավորության արարողության վրա և այս հարցում նույնպես մեղադրում է հանրապետության նախագահին՝ չհիշատակելով, սակայն, որ Բյուրականում՝ ծնողների և կնոջ կողքին հողին հանձնվելու ցանկությունը հենց Վիկտոր Համբարձումյանինն էր:

Ընդհանրապես, ցանկացած երևույթ և իրադարձություն կարելի է մեկնաբանել տարբեր կերպ, ինչպես հաճախ դա լինում է: Սակայն իրականության և փաստերի աղճատված ներկայացումն աններելի է: Ցավում եմ, որ այդ հոդվածի հեղինակը հանդիսանում է փորձառու և իրականում վաստակաշատ լրագրող Է. Շահիրյանը:

Վլադիմիր Բարխուդարյան

Ակադեմիկոս

«Գոլոս Արմենիի», 25 նոյեմբերի, 2014 թ.

Նախորդ հոդվածը‘Եղվարդի մանկապարտեզի սաներից 4-ը դեռ հիվանդանոցում են’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Մարգարյան. Կարևոր է, որ Հայաստանը ճիշտ աշխատի իր ընտրած միությունում’