‘«Պատրաստվի՛ր, Ռուսաստան». Թրամփը պատասխանել է Սիրիայում հրթիռները խոցելու սպառնալիքին’

3114

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում գրառում է կատարել, որում խոստացել է հրթիռային հարված հասցնել Սիրիային՝ չնայած Ռուսաստանի սպառնալիքին՝ խոցելու այդ հրթիռները:

«Ռուսաստանը խոստանում է խոցել ցանկացած հրթիռ, որ կարձակվի Սիրիայի ուղղությամբ: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, այդ հրթիռները կթռչեն՝ այնքան սիրուն, նոր ու «խելացի»: Դու չպետք է Գազանի գործընկերը լինես, որն սպանում է իր մարդկանց: Սպանում է գազով, ու դրանից հաճույք է ստանում»,- գրել է ամերիկյան նախագահը:

Այսպես է Թրամփն արձագանքել Լիբանանում Ռուսաստանի դեսպանի ասածին, որը իրանամետ «Հեզբոլլահ» խմբավորման հետ կապ ունեցող «Ալ-Մանար» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանն իրավունք է վերապահում խոցել ամերիկյան հրթիռները և գրոհել դրանց արձակման վայրերը, եթե ԱՄՆ-ն ագրեսիա իրականացնի Սիրիայում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին, Facebook-ում գրել է, թե «խելացի հրթիռները պետք է թռչեն դեպի ահաբեկիչները, այլ ոչ թե դեպի օրինական կառավարությունը, որը մի քանի տարի է՝ իր տարածքում պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն է. Freedom House’
Հաջորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. ՀՀԿ-ն՝ Ալիեւի փոխարեն’