‘
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա» Հատուկ թռիչքային ջոկատին է վերահասցեագրել հարցերն այն ինքնաթիռի մասին, որով ճամփորդում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ ճի՞շտ է, որ Պատրուշևն օգտվում է «Ռոսիա» Հատուկ թռիչքային ջոկատի Իլ-76 ինքնաթիռից, որը նույնպես հիշատակվում է կոկաինային սկանդալում: «Ես նման տեղեկություն չունեմ, երևի՝ այդ հարցը պետք է ուղղել ավիաընկերությանը»,- ասել է Պեսկովը:
Պատրուշևը երեքշաբթի այցելել է Թաիլանդ և Ինդոնեզիա:
Արգենտինայի իշխանություններն ավելի վաղ տեղեկացրել են, որ Ռուսաստանի և Արգենտինայի հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում հաջողվել է կանխել 389 կգ կոկոինի տեղափոխումը Մոսկվա և Արգենտինայում ձերբակալել մի քանի մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացու: Թմրանյութերով լի ճամպրուկները գտել են Ռուսաստանի դեսպանատան տարածքում, ընդ որում՝ այդ մասին արգենտինյան ոստիկանությանը հայտնել են հենց ռուսաստանցի դիվանագետները: Հանցախմբի կազմակերպիչը, որն զբաղվում է Արգենտինայից կոկաինի մաքսանենգությամբ, թաքնվում է Գերմանիայում, նրա նկատմամբ Ինտերպոլով միջազգային հետախուզում է հայտարարվել:
Ի դեպ, Պեսկովը նաև հայտարարել է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Թաիլանդ կապ չունի վերջերս այնտեղ ռուսաստանցի քաղաքացիների (այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի «բացահայտած» սեքս-հրահանգիչներ Ալեքս Լեսլիի և Նաստյա Ռիբկայի) ձերբակալության հետ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘