‘Պարապուրդի մատնված «Միկա Ցեմենտ» գործարանի աշխատողները պահանջում են վճարել աշխատավարձի գծով պարտքը’

754

Մինչև շաբաթվա վերջը նախատեսվում է լիովին վճարել «Միկա Ցեմենտ» ՓԲԸ աշխատողների աշխատավարձի գծով պարտքը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է գործարանի փոխտնօրեն Նաիրա Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, այսօր գործարանի աշխատողները բողոքի հանրահավաք են անցկացրել` պահանջելով վճարել աշխատավարձը: «Գործարանը 3-4 ամսվա աշխատավարձերի պարտք ունի, և կառավարող ընկերությունում մեզ հաղորդել են, որ ողջ պարտքը կմարվի մինչև շաբաթվա վերջը», — ասել է նա: Մարտիրոսյանը պարզաբանել է, որ կառավարող ընկերությունը «Ցեմենտ Սերվիս» ՍՊԸ-ն է: (Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյաներով,  «Ցեմենտ Սերվիս» ՍՊԸ-ն գրանցվել է 2013 թվականի մայիսին, որպես հիմնադիր հանդես են եկել Էդմոնդ Ամիրյանը և Տիգրան Մարտիրոսյանը – խմբ.) Փոխտնօրենը նշել է, որ պարապուրդի մատնված գործարանը նախապատրաստվում է գործարկման, սակայն ժամկետ չի կարողացել նշել: Նա նաև հավելել է, որ առաջիկայում սպասվում է գործարանի սեփականատիրոջ և ղեկավարության փոփոխություն:

Հիշեցնենք, որ գործարանի նախկին սեփականատերը գործարար Միխայիլ Բաղդասարովն է: Այնուհետև «Միկա Ցեմենտի» գույքը գրավադրվել էր «ՎՏԲ Հայաստան բանկում»՝ վարկի գծով պարտքի դիմաց: «Միկա Ցեմենտը» 2013 թվականի իր ֆինանսական հաշվետվությունը չի հրապարակել, սակայն նախորդ հաշվետվություններից երևում է, որ վերջին տարիներին ձեռնարկության պարտքերը սրընթաց աճել են: Այսպես, 2012 թվականին վնասը գերազանցել է 2,3 մլրդ դրամը` 2011 թվականի 22 մլն դրամ, 2010 թվականի 19 մլն դրամ և 2009 թվականի 5,6 մլն դրամի դիմաց:

Նախորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի ցավակցությունը Կարեն Շահինյանի մահվան առթիվ ‘
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ’