‘Պարզաբանում Լ.Հայրապետյանի ակնհայտ սուտ հայտարարության վերաբերյալ’

1626

Այսօր iLur.am-ում հրապարակվել է Լ.Հայրապետյանի հարցազրույցը, որտեղ վերջինս, մասնավորապես, ասել է հետեւյալը. «Ցավոք, պատմականորեն մեզ մոտ ձևավորվել է բարձրագույն պաշտոնատար անձանց դավաճանության ավանդույթ: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցրեցին, թե ինչու է նա դադարեցնում պատերազմը այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն այնքան էին հուսահատվել և կորցրել մարտական ոգին, որ հանձնվում էին առանց դիմադրության, նա պատասխանեց, որ այդ մասին իրեն խնդրել է Բորիս Ելցինը: Իսկ Ելցինին, իր հերթին, հավանաբար, խնդրել էր քաղբյուրոյի գործընկեր Հեյդար Ալիևը»:

iLur.am-ի խմբագրակազմը հայցում է իր ընթերցողների և Լեւոն Տեր-Պետրոսյանի ներողամտությունը՝ աբսուրդի հասնող այս զազրախոսությունը անզգուշաբար հրապարակելու համար: Դրա հետ մեկտեղ՝ մեր խմբագրությունը պարգեւավճար է խոստանում այն մարդուն, ով լրատվամիջոցների հրապարակումների կամ այլ փաստաթղթերի հիման վրա կապացուցի Հայրապետյանի հայտարարության ստուգությունը:

 

Հ.Գ. Ի դեպ, Լեւոն Հայրապետյանի այս գործելաոճը դարձել է ավանդույթ, եւ դա իր պատճառներն ունի թերեւս: Բանն այն է, որ արդեն երկրորդ անգամ Լեւոն Հայրապետյանը հարցազրույց է տալիս «Չենք Լռելու»-ին՝ երկու անգամն էլ կարծես թե քննադատելով Հայաստանում քաղաքական համակարգն ամբողջությամբ, իրականում թիրախավորում է նախագահ Տեր-Պետրոսյանին: Այն, որ Հայրապետյանի հայտարարությունը մերկապարանոց սուտ է,  ակնհայտ է: Սակայն հարց է ծագում. ինչո՞ւ է Հայրապետյանը արդեն երկրորդ անգամ անում նույն բանը: Իսկ պատճառներն ակնհայտ են: Հայրապետյանի երկու հարցազրույցներն էլ հաջորդում են Գանձասարում նրա կողմից իրականացվող ապօրինի շինարարությանը. Վերջինս, ինչպես հայտնի է՝ սալիկապատում է Գանձասարի պարիսպները, ինչը բուռն ու բացասական արձագանք է գտել Ղարաբաղում եւ Հայաստանում: Առաջին անգամ Հայրապետյանն այս գործը սկսել էր 2011-ին, ապա դադարեցրել էր, նեղացած հեռացել Ղարաբաղից, եւ ապա վերջերս այնտեղ վերադառնալուց հետո՝ նորից ձեռնարկել պարսպի սալիկապատումը: Երկու դեպքում էլ Ղարաբաղում, ինչպես արդեն նշեցինք, արձագանքը եղել է շատ բացասական: Առաջին փորձից հետո, երբ մեծ աղմուկ բարձրացավ Ղարաբաղում  եւ Հայաստանում, իսկ Ղարաբաղի պատկան մարմինները հայտարարեցին, որ Հայրապետյանը չունի պարիսպները սալիկապատելու թույլտվություն, վերջինս կիսատ թողեց շինարարությունն ու հեռացավ Ղարաբաղից: Սակայն որոշ ժամանակ անց Հայրապետյանը հրապարակեց իր առաջին հարցազրույցը, ինչից հետո նրա եւ Ղարաբաղի իշխանությունների հարաբերությունները փոքր-ինչ ջերմացան, եւ Հայրապետյանը վերադարձավ Ղարաբաղ: Մեկ ամիս առաջ Հայրապետյանը նորից նախաձեռնեց պարսպի սալիկապատումը, այս անգամ Ղարաբաղում արձագանքն ավելի բացասական էր, պատկան մարմիններն էլ՝ տարօրինակորեն որեւէ կերպ հրաժարվում էին մեկնաբանել կատարվող շինարարությունը: Ու, թերեւս, Լեւոն Հայրապետյանին երկրորդ շանսն են տվել նախընտրական շրջանում՝ «մենք աչք ենք փակում Գանձասարի պարիսպի շինարարության փաստի վրա, իսկ դու պետք է հայտարարես այն, ինչ մենք քեզ կասենք» տրամաբանությամբ: Լեւոն Հայրապետյանը, սակայն, թերեւս, մի բան չի հասկանում: Եթե անգամ ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունները այս հայտարարությունից հետո հայտարարեն, թե ինքը կարող է Գանձասարի հետ կապված՝ անել սրտի ուզածը, հասարակությունը, միեւնույն է՝ չի փոխել ու չի փոխելու իր վերաբերմունքը: Գուցե Հայրապետյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանին հաճո սուտ հայտարարություններ անելով նախագահ Տեր-Պետրոսյանի հասցեին՝ նորից լոյալ վերաբերմունքի կարժանա, ապա նա սխալվում է: Լոյալ վերաբերմունքի նա կարող է արժանանալ միայն իշխանությունների կողմից, այնինչ ժողովրդի վերաբերմունքը, որն արդեն փոխվել է, ընդ որում՝ նույնիսկ Ղարաբաղում, Հայրապետյանը հազիվ թե կարողանա ետ բերել: Նրան արդեն ընկալում են ոչ թե որպես բարերարի, այլ մարդու, ով բարերարություն անելու դիմաց պատրաստ է սեփական քմահաճույքները բավարարելու համար պղծել անգամ պատմական հուշարձանները: Այս հայտարարությունից հետո էլ Հայրապետյանը, թերեւս, կսկսվի ընկալվել նաեւ սուտ տեղեկություններ տարածող մի նախկին բարերար, ով պղծում է Ղարաբաղի հպարտության առարկան հանդիսացող Գանձասարը:

 

 

Նախորդ հոդվածը‘Սևան-Հրազդան ճանապարհին ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Մհեր Սեդրակյանին նկարահանած օպերատորը’