‘Պարզ է դարձել, թե ուր են գնում մեր վճարած հարկերը. Մամուլ’

1185

«Արդեն երկու տարի ՀՀ կառավարությունը մեր՝ հարկատուներիս հաշվին սուբսիդավորում է գյուղացիների համար նախատեսված դիզվառելիքի գնի մի մասը։ Համենայն դեպս այդպես է կառավարությունը նկարագրում նշված օպերացիան։ Լավ է հնչում։ Սակայն, թե իրականում մեր՝ հարկատուներիս հաշվին ով է էժան դիզվառելիք ստանում, պաշտոնապես հայտարարվեց երեկ»,– գրում է «ՀԺ»-ն ու հավելում.

«ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնեց, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում սուբսիդավորված, այսինքն «էժան դիզվառելիքից» օգտվել է 15 տնտեսություն և ստացել ընդհանուր առմամբ 70 հազար լիտր դիզվառելիք։ Դրանից 48 հազար լիտրը ստացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը և նրա որդին՝ Հովհաննես Աբրահամյանը։ Հիմա արդեն պաշտոնապես է պարզ դառնում, թե ինչու է ՀՀ կառավարությունը սուբսիդավորում տարբեր ապրանքներ՝ դիզվառելիք, պարարտանյութ, գազ…։ Սրանով կառավարությունը օժանդակում է խոշոր հողատերերին, որոնք ոչ մի խնդիր չունեն իրենց հարյուր-հազարավոր հեկտարները մշակելու հարցում։ Ամենահամեստ հաշվարկներով, ստացված 48 տոննա դիզվառելիքը կբավարարեր Մխչյան գյուղի սահմաններում գտնվող ամբողջ հողատարածքը՝ 620 հեկտարը մշակելու համար։ Բայց խնդիրն այս պահին դա չէ։ Կառավարությունը յուրաքանչյուր լիտր դիզվառելիքի համար սուբսիդավորում է մոտ 100 դրամ։ Այսինքն, 48 հազար լիտր «էժան դիզվառելիք» ստանալով՝ Աբրահամյանները շահել են 4.8 միլիոն դրամ։

Ու հիմա մոտավոր հաշվարկներ արեք, թե Հայաստանում քանի հատ, պատկերավոր ասած, Մխչյան գյուղ կա, որը գրեթե ամբողջությամբ այս կամ այն պաշտոնյայի կամ օլիգարխի սեփականությունն է և պարզ կդառնա, թե ուր են գնում մեր վճարած հարկերը»,– գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Ինչպե՞ս է էկոնոմիկայի նախարարությունը ճարտարապետ-շինարարներին ճաշ պատվիրել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով. Աշոտ Սուքիասյան’