‘Պարույր Հայրիկյանը պահանջում է բացահայտել իր դեմ մահափորձի իսկական կազմակերպիչներին’

774

Պարույր Հայրիկյանը կարծում է, որ իր դեմ իրականացված մահափորձի քրեական գործով կալանավորված անձինք ընդամենը կատարողներ են, իսկ իրական պատվիրատուները դեռևս պետք է բացահայտնվեն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«Պարույր Հայրիկյանը գտնում է, որ սույն քրեական գործով կալանավորված անձինք ընդամենն այս հրեշավոր հանցագործության, հանցագործություն, որն ուղղված էր ինչպես Պարույր Հայրիկյանի անձի, այնպես էլ՝ երկրի անվտանգության դեմ, փոքրագույն մասնիկն են, ինչպես նաև հաշվի առնելով հանցագործության բնույթն ու հասարակական հնչեղությունը՝ հրապարակայնորեն պետական լիազոր մարմնից պահանջում է. Ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին (պատվիրատուներին), որի (կամ որոնց) հանձնարարությամբ 2013 թվականի հունվարի 31-ին քաղաքական գործչի նկատմամբ տեղի ունեցավ հանցագործություն՝ մահափորձ, որն ավարտին չհասցվեց ոչ իրենց կամքով»,- ասաց Լևոն Բաղդասարյանը՝ ներկայացնելով Պարույր Հայրիկյաննի հայտարարությունը:

Լևոն Բաղդասարյանը նշեց նաեւ, որ հիմքեր չունի չվստահելու նախաքննական մարմինների «պրոֆեսիոնալիզմին ու օպերատիվությանը»: Նա հույս ունի, որ առաջիկա չորս ամսում նախաքննությունը կավարտվի և գործը կհանգուցալուծվի:

ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Մանյա Այվազյանն իր հերթին ասել է, որ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը դեպի լավը չի գնում:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ի երեկոյան նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է իրականացվել: Նախաքննական մարմինը քաղաքական գործչի գործունեությունը կասեցնելու նպատակով մահափորձ իրականացնելու մեղադրանքով ձերբակալել են  Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Մարտի 5-ին մահափորձը պատվիրելու կասկածանքով մեղադրանքով կալանավորվել է նախագահի մեկ այլ թեկնածու՝ Վարդան Սեդրակյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Արթուր Սարկիսով. Գոլերի մասին կխոսենք Մովսիսյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Տավուշում 7-ամյա երեխան մահացել է H1N1 վարակից’