‘Պարսից ծոցի երկրները կարող են «գեյ-թեստ» մտցնել’

761

Քուվեյթը և Պարսից ծոցի այլ երկրներ կարող են «գեյ-թեստ» մտցնել իրենց երկրի սահմանը հատողների համար: Երկիր մուտք գործող քաղաքացիների համար  կարող է սահմանվել բժշկական զննություն՝ սեռական կողմնորոշումը պարզելու նպատակով: ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչներին կարգելվի մուտք գործել Պարսից ծոցի երկրներ:

Ի դեպ, Քուվեյթում համասեռականությունը քրեորեն պատժելի հանցագործություն է: Մինչև 21 տարեկան քաղաքացիներին, որոնց նկատել են համասեռական կապերի մեջ, սպառնում է մինչև 10 տարվա  ազատազրկում: Նման իրավական պրակտիկա է գործում Պարսից ծոցի Համագործակցության խորհրդի բոլոր երկրներում:

Իրավապահներն արդեն իրենց վրդովմունքն են հայտնել նմանօրինակ նորամուծությունների նկատմամբ: «Դրանք ոչ միայն անօգուտ են, այլև հակասում են մարդու իրավունքների միջազգային նորմերին: Պարսից ծոցի երկրներից շատերն ամեն ինչ արել են՝ արտասահմանյան բիզնեսի համար գրավիչ և բաց դառնալու համար, ուստի արժի, որ դրանց ղեկավարները, մինչև նման սահմանափակումներ մտցնելը, մի քիչ մտածեն»,- ասել է նրանցից մեկը:

Համասեռականությունը օրենքից դուրս է համարվում աշխարհի 78 երկրներում: Դրանցից հինգում, այդ թվում՝ Իրանում, Եմենում և Սաուդյան Արաբիայում, սեռական այլ կողմնորոշումը ենթակա է մահապատժի: Daily Mail-ի տվյալներով՝ միայն Իրանում 1979 թվականից  ի վեր մահապատժի է ենթարկվել համասեռականության համար մեղադրվող 4 հազար մարդ: Համասեռական կապի մեջ հայտնաբերված անչափահասներին սպառնում է մտրակի 74 հարված՝ եթե նրանք նման կապի մեջ են մտել սեփական ցանկությամբ:

Սաուդյան Արաբիայում ևս համասեռականությունը, ըստ օրենքի, ենթակա է մահապատժի, սակայն իշխանություններն աշխատում են չդիմել պատժի առավելագույն  միջոցին: Համասեռականներին այստեղ պատժում են տուգանքով, մարմնական պատժամիջոցներով և ազատազրկմամբ: Սուդանում արվամոլներին պատժում են մտրակահարությամբ, եթե առաջին անգամ են բռնվել այդ «գործի» վրա, իսկ երեք անգամ կրկնվելու դեպքում՝ մահապատժի: Կանանց, համասեռական կապի համար, սպառնում է 100-ից մինչև 1000 մտրակի հարված կամ քարկոծում: Եմենում նույնպես արվամոլները պատժվում են մտրակահարությամբ կամ մահապատժով: Մավրիտանիայում համասեռականների համար, որպես պատիժ, կիրառվում է մահապատիժ՝ քարկոծության միջոցով, փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ո՞ւմ «վառեցին» ԵԽԽՎ-ում Փոստանջյանի հանած «տաք շագանակները»’
Հաջորդ հոդվածը‘Էրեբունի-Երևան կապակցված տոնը՝ հնամյա ու հնամաշ քաղաքի տոնը չէ’