‘ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը վերջնականապես կկողոպտի Հայաստանի քաղաքացիներին ‘

1006

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո Հայաստանի իշխանությունները վերջնականապես կկողոպտեն քաղաքացիներին, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Այդ բարեփոխումը միայն կմեծացնի արտագաղթի տեմպերը և հասարակության ավելի մեծ դժգոհության պատճառ կդառնա: Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով փորձում են նվաստացնել քաղաքացիներին»,- ասել է նա: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր հերթին համաձայնել է Մարտիրոսյանի կարծիքին և ավելացրել, որ Հայաստանի իշխանություններն անտեսում են ընդդիմադիր գործիչների` երկրի սոցիալ-տնտեսական դրությունը բարելավելու բոլոր փորձերը և ամեն օր շարքային քաղաքացիներին կողոպտելու նոր միջոցներ հորինում:

Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը Հայաստանում կներդրվի 2014 թվականի հունվարի 1-ից: Համակարգի ներդրման նախապատրաստական փուլին կառավարությունը ծախսեց մոտ 10 տարի: Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: □Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին□ օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել): Նոյեմբերի 15-ին պետք է տեղի ունենար խորհրդարանի արտահերթ նիստ, որի օրակարգում այդ համակարգի քննարկումն էր, սակայն Հայաստանի հանրապետական կուսակցությունը բոյկոտել է այն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ սենատը Ուկրաինայից պահանջում է ազատ արձակել Տիմոշենկոյին’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյան-Ալիեւ հանդիպումն ավարտվեց. Հայտարարությունը՝ շուտով’