‘ՊԲ հրամանատար. Խաղաղությունը վերահաստատեցին մեր զինվորները, ոչ թե նախագահները’

814

Արցախի հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը չի կարծում, որ կրակոցների դադարը Սոչիում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքն էր. «Խաղաղությունը վերահաստատեցին մեր զինվորները: Օգոստոսի 5-ից հարաբերական խաղաղությունն արդեն հաստատվել էր, այնպես չի, որ վերեւից ցուցում է եղել», — Aravot.am-ի փոխանցմամբ, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հակոբյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Սոչիի` օգոստոսի 9-ին կայացած եռակողմ հանդիպումը որոշ դրական ազդեցություն ունեցել է հաստատված խաղաղությունը պահելու մեջ:

Մովսես Հակոբյանի խոսքով, հակառակորդը նպատակ ուներ ստիպել հայկական կողմին` համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել, ինչը «մի քանի տարով հետ կգցեր մեր տնտեսությունը»:

«Փորձում էին գրոհային ավիացիան ուղղել մեր ուղղությամբ, շրջաթռիչքներ անել մեր առաջնագծում, փորձում էին հոգեպես ազդել մեր զինվորների, բանակի եւ հասարակության վրա: Բայց, դուք նույնպես այսօր ականատես եղաք, որ սա մեզ վրա որեւէ ազդեցություն չթողեց: Նրանք բերեցին իրենց ավիացիան, բայց երբ մեր ՀՕՊ ստորաբաժանումը կանգնեց, իրենց ավիացիան հետ քաշվեց: Տանկերը բերեցին, երբ մեր տանկային ստորաբաժանումները գնացին տանկային գծեր, նրանք էլի հետ քաշվեցին: Դա իրենց կողմից շանտաժ էր, այդ շանտաժը շատ կարճ տեւեց:  Իրենք ամսի 5-ից այն բոլոր ստորաբաժանումները, որ բերել էին առաջին գիծ՝ հետ են քաշել», — տեղեկացրել է ՊԲ հրամանատարը:

Հակոբյանը նշել է նաեւ, որ ադրբեջանական բանակը իր իսկ հրահրած ագրեսիայի հետեւանքով 36 զոհ է տվել: «Մեր այս տվյալները կասկածի տակ չեն, բոլոր անուն ազգանունները կարող եմ ներկայացնել: Մենք էլ ենք ունեցել զոհեր, շատ ցավալի զոհեր ենք ունեցել՝ վեց կորուստ, երեք սպա, երեք զինվոր», — նշել է Հակոբյանը: 

Նախորդ հոդվածը‘Մինսկում կկայանա Ուկրաինայի, Եվրամիության եւ Մաքսային միության ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան ռազմական ինքնաթիռը $4,1 մլն-ի բժշկական պարագաներ է հասցրել Հայաստան’