‘Պեկինի հրատարակչություններին արգելել են գրքեր հրապարակել Ճապոնիայի մասին ‘

787

Պեկինի հրատարակչություններին արգելել են Ճապոնիայի մասին գրքեր հրատարակել՝ վիճելի կղզիների առնչությամբ երկու երկրների միջև ծագած հակամարտության պատճառով: Այս մասին տեղեկացնում է The Japan Times-ը՝ հղում անելով ճապոնացի հրատարակիչների շրջանում իր աղբյուրներին: Արգելքը վերաբերում է այն գրքերին, որոնց հեղինակները ճապոնացի են, ինչպես նաև չինացի հեղինակների այն գրքերին, որոնք նվիրված են Ճապոնիային: Բացի այդ՝ իշխանություններն արգելել են գովազդել Ճապոնիայի մասին արդեն իսկ հրապարակված գրքերը, ինչպես նաև այդ երկրին առնչվող մշակութային միջոցառումները:
Ճապոնիայի և Չինաստանի միջև հակամարտությունը սրվել է այս տարվա օգոստոսին՝ Արևելաչինական ծովում մի քանի անմարդաբնակ կղզիների պատճառով: Վերջերս այդ կղզիների շրջանում ածխաջրածնի պաշարներ են հայտնաբերվել, և հիմա երկու երկրները վիճարկում են այդ տարածքների նկատմամբ իրենց իրավունքները: Հակամարտությունն ավելի սրվեց այն բանից հետո, երբ ճապոնացի մի խումբ ակտիվիստներ այցելեցին այդ կղզիները և այնտեղ բարձրացրին Ճապոնիայի դրոշը, իսկ Ճապոնիան էլ մասնավոր սեփականատիրոջից գնեց հինգ կղզիներից երեքը: Դրան հաջորդեցին Չինաստանում ծայր առած բողոքի գործողությունները, որի հետևանքով ճապոնական խոշոր ընկերությունները ստիպված էին դադարեցնել իրենց աշխատանքները Չինաստանում:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է արգելել ցլամարտը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ Սարյանի պուրակում ‘