‘ՊԵԿ-ը վստահեցնում է. Ցանկացած տնտեսվարող կարող է ինքնուրույն նոր սերնդի ՀԴՄ ներմուծել ‘

5455

Արդեն տեղեկացրել ենք, որ  2012-ի դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն, հայաստանցի տնտեսվարողների վրա պարտավորություն է դրվել մինչեւ 2014-ի հունիսի 1-ը ձեռք բերել նոր տիպի բազմաֆունկցիոնալ հաշվիչ-դրամարկղային մեքենաներ: Դրանք ապահովված են ինտերնետ կապով եւ տնտեսվարողի գործունեության մասին տեղեկատվություն են փոխանցելու ՊԵԿ տեղեկատվական կենտրոն:  Նոր ՀԴՄ-ներ պետք է  տեղադրեն նախ` խոշոր հարկատուները, ապա` մինչեւ 2014թ. հուլիսի 1-ը  միջին (500 միլիոն դրամ եւ ավելի իրացումից հասույթ ստացող) եւ փոքր ձեռնարկությունները:

Արդեն այս տարվա հունիսի 27-ին ընդունած որոշմամբ  Կառավարությունը սահմանել է 500 միլիոն դրամ եւ ավելի իրացումից հասույթ ստացող ընկերությունների համար բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների վաճառքի առավելագույն գինը` 400 հազար դրամ: 

Ընդ որում, Կառավարության որոշման համաձայն, 500 միլիոնից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների ձեռք բերած ՀԴՄ-ներից ստացված շահույթը պետք է ուղղվի փոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից ձեռք բերվելիք ՀԴՄ-ների արժեքի մասնակի փոխհատուցմանը: Սակայն մինչ այմ հաստատված չէ այդ փոխհատուցման չափը:

Ի պատասխան iLur.am-ի հարցման, ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ՓՄՁ-ների կողմից ձեռք բերվելիք նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքի փոխհատուցման չափը կորոշվի այն ժամանակ, երբ պարզ կլինի, թե որքան շահույթ է ապահովվել այլ տնտեսվարող սուբյեկտների (գերազանցապես՝ ԱԱՀ վճարողների) ՀԴՄ-ների իրացման արդյունքում:  ՓՄՁ-ների (58,35 միլիոն դրամից ցածր շրջանառություն ունեցողների) կողմից իրացվելիք ՀԴՄ-ների արժեքի վերաբերյալ, մինչև նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը,  պետք է ընդունվի լրացուցիչ որոշում:

Պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է նաեւ, որ Կառավարության հաստատած` MiTAC Information Technology Corp»-ի արտադրած MS-2351 մոդելի ՀԴՄ-ները ներմուծում է Կոմիտեի ենթակայության ներքո գործող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը:

Միեւնույն ժամանակ, ՊԵԿ-ը փորձում է հերքել տարածված կարծիքը, թե նոր սերնդի ՀԴՄ-ների ներմուծման ոլորտում մենաշնորհ է գործում, եւ որ նոր սերնդի ՀԴՄ-ներ սահմանելով` Կառավարությունն իրականում նոր գերշահութաբեր բիզնեսով է ապահովել պետեկամուտների կոմիտեի պետ Գագիկ Խաչատրյանին:

Այսպես, ՊԵԿ-ից վստահեցնում են, որ յուրաքանչյուր տնտեսվարող ինքնուրույն կարող է ներմուծել եւ իրացնել սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող ՀԴՄ-ներ, քանի որ «որեւէ իրավական ակտով այդ հնարավորությունը սահմանափակված չէ»:

Այս պնդումը ավելի ուշագրավ է դառնում` հաշվի առնելով ՊԵԿ ներկայացրած տվյալները  «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի արդեն իսկ ձեռք բերած ՀԴՄ-ների գնի ձեւավորման մասին:

Համաձայն դրա, սարքերի ինքնարժեքը, որը ներառում է ՀԴՄ-ի ձեռքբերման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը, կազ­մում է 203 հազար դրամ. ՀԴՄ-ները ձեռք են բերվում  390 ԱՄՆ դոլարով (շուրջ 160 հազար դրամ): Դրանց ներմուծման ժամանակ վճարվում է ԱԱՀ՝ 78 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, այսինքն՝ ՀԴՄ ներկրման գինը կազմում է 468 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (շուրջ 192 000 դրամ): Մնացած 11 հազար դրամն, ըստ երեւույթին, բաժին է ընկնում ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերին:

Փաստորեն, Կառավարությունը, հունիսի 27-ի որոշմամբ նոր ՀԴՄ-ների գին սահմանելով 400 հազար դրամը, դրանք պաշտոնական ինքնարժեքից (203 հազար դրամ) կրկնակի թանկ գնով առաջարկում է խոշոր տնտեսվարողներին: Ճիշտ է, ի սկզբանե պատճառաբանելով, որ թանկ գնով դրանք ձեռք բերելով` «խոշորները» «օգնելու են», որպեսզի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները հետագայում ավելի էժան գնով ձեռք բերեն` չսահմանելով սակայն, թե որքան էժան:

Եթե ՊԵԿ-ի հավաստիացումը համապատասխանում է իրականությանը եւ տնտեսվարողն իսկապես հնարավորություն ունի ինքնուրույն ձեռք բերել ՀԴՄ-ները, ապա անհասկանալի է դառնում Կառավարության հնարած մեխանիզմը`ինքնարժեքից կրկնակի թանկ գնով սարքերը խոշոր ընկերություններին վաճառելով`  ՓՄՁ-երի համար [անորոշ] զեղչեր ապահովել: Որովհետեւ, նախ, անհավանական է, որ խոշոր հարկատուների կողմից սարքերի ձեռք բերումից առաջացած գումարներն այնքան կլինեն, որ կկարողանան ՓՄՁ-երի համար ապահովել ինքնարժեքից` 203 հազար դրամից էժան գին:

(Առհասարակ, պետք է նկատել, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար անգամ 203 հազար դրամը կամ դրան մոտ գումարն է լուրջ բեռ տարեկան կտրվածքով: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Կառավարությունը պարբերաբար ստիպում է տնտեսվարողներին նորանոր ֆունկցիաներով հագեցած ՀԴՄ-ներ ձեռք բերել, եւ հայտնի չէ, թե նոր «թարմացումը» երբ վրա կհասնի):    

Իրականում ավելի հավանական է, որ իր «ավանդական» գործելաոճին հարազատ ՊԵԿ-ը իր մաքսային ծառայության միջոցով այնպիսի պայմաններ կստեղծի այլընտրանքային ճանապարհով սարքերը ձեռք բերելու մտադրություն ունեցող տնտեսվարողների համար, որ վերջիններս ստիպված կլինեն գնել հենց ՊԵԿ առաջարկած ՀԴՄ-ները:

Գաղտնիք չէ, որ Մաքսային ծառայությունը կոնկետ ապրանքի մաքսը սահմանում է` ելակետ ընդունելով շուկայական գները: Իսկ տվյալ դեպքում, շուկայական գինն արդեն իսկ սահմանել է Կառավարությունը` 400 հազար դրամ: Այսինքն, սեփական օգտագործման կամ վաճառքի համար ՀԴՄ-ներ ներկրող տնտեսվարողից մաքսատուրք է գանձվելու` ելակետ համարելով Կառավարության սահմանած գինը: Մինչդեռ, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի ներմուծած ՀԴՄ-ների արժեքը, ինչպես վերեւում նշեցինք, ձեւավորվում է միանգամայն այլ չափանիշներով (ներմուծման գին+ԱԱՀ+ այլ ծախսեր):

Հակոբ Կարապետյան

Հ.Գ. Ի դեպ, ՊԵԿ-ից զգուշացրեցին նաեւ, որ սահմանված ժամկետից հետո նոր սերնդի ՀԴՄ չկիրառելու կամ հuկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատաuխան uարք չտեղադրելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կնախազգուշացվի, իսկ նախազգուշացումից հետո, մեկ տարվա ընթացքում, նշված խախտումը կրկնելու դեպքում  կտուգանվի հարյուր հիuուն հազար դրամի չափով: Տուգանքը նշանակելուց հետո, մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կտուգանվի երեք հարյուր հազար դրամի չափով, և համապատաuխան oբյեկտի գործունեությունը կկաuեցվի մինչև ցանցային կապուղիների միջոցով տեղեկության ուղարկումն իրականացնող մեքենայի կիրառումը կամ հuկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատաuխան uարքի տեղադրումը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացին աղավնիներին վարժեցրել է սիգարներ բերել Կուբայից’
Հաջորդ հոդվածը‘Դատարանից փախուստ գործած ամբաստանյալը նախկինում երկու անգամ փորձել է ինքնասպան լինել’