‘ՊԵԿ-ում պաշտպանի գնահատականների հետ համամիտ չեն կամ ինչպե՞ս խուսափել մերկապարանոց հայտարարություններից’

809

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին վերագրվող թերացումները «հեռու են փաստարկված, իրատեսական լինելուց և որոշ դեպքերում անգամ հասցեական չեն», — մեկնաբանելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2012 թվականի տարեկան զեկույցը նշեցին ՊԵԿ-ից:

«Pastinfo.am»-ի գրավոր հարցմանն ի պատասխան  ՊԵԿ-ն ընդունեց, որ «համակարգում դեռևս կարգավորման ու շտկման ենթակա բազմաթիվ խնդիրներ կան», բայց պաշտպանի գնահատականների հետ համամիտ չեն:

Հիշեցնենք, որ օմբուդսմենը մասնավորապես հայտարարել էր, որ  բազմաթիվ են այն դեպքերը, երբ «հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ՊԵԿ պաշտոնատար անձը (կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը) օգտագործել է պաշտոնական դիրքը, և իր հետ առնչվող ընկերությունը մրցակցային առավելություններ է ստացել միևնույն շուկայում գործող այլ տնտեսվարողի նկատմամբ»: Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ, պետական եկամուտների կոմիտեն
հստակ և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ:

Հակադարձելով օմբուդսմենին` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նշում է, թե  մերկապարանոց հայտարարություններից  խուսափելու համար առավել ճիշտ կլիներ, եթե ներկայացվեին  «հարկային և մաքսային ծառայողների  կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կոնկրետ փաստեր», քանի որ «Կոմիտեն բազմիցս հայտարարել և ներկայում ևս փաստում է հովանավորչության բոլոր տեսակի դեպքերով համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու իր պատրաստակամության մասին»:

Ինչ վերաբերում է ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում  էականորեն նվազեցնելու ուղղությամբ թերի միջոցառումներին, ապա ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նշում է, որ այդ հարցը միայն «ՊԵԿ-ի «մենաշնորհը» չէ» և դրան պետք է լծվեն նաև հասարակության մյուս կողմերը:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հիշատակվող այն հանգամանքը, որ հարկային մարմինների աշխատակիցները հարկատուների աշխատավայրում գտնվող իրեր են վերցնում, ՊԵԿ-ի պատասխանում ենթադրաբար բացատրվում է, որ  խոսքը փաստաթղթերի մասին է: Ապա նշվում է, որ հարկային մարմնի կողմից փաստաթղթեր և այլ առարկաներ վերցվում են «դատարանի կողմից տրված համապատասխան որոշման հիման վրա կամ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով»:

Պատասխան գրությամբ նանդրադարձ է կատարվում նաև չափազանց մեծ քանակի հարկային արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումներին: Նշվում է, որ  «Հանրապետությունում հաշվառված 240 հազար հարկ վճարողներից 80 հազարը գործող են, որոնց ընդամենը 7%-ի նկատմամբ 2012թ. որոշումներ են կայացվել գույքի և դրամական միջոցների արգելադրման վերաբերյալ»: Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի պատասխանի այդ «որոշումները վերաբերել են բացառապես այն հարկ վճարողներին, որոնց հետ սպառվել են հարկային պարտավորությունները ժամանակին կատարելուն ուղղված բացատրական և իրազեկման աշխատանքները»:

Դառնալով իրավական ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում ողջամիտ ժամկետների նախատեսման խախտումների մասին ՄԻՊ-ի հայտարարությանը` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ն արձանագրում է, որ «ցանկալի և ճիշտ կլիներ հարկ վճարողների համար օրենսդրական փոփոխությունների կիրառման ողջամիտ ժամկետներ նախատեսելն ինչպես հարկային, այնպես էլ տնտեսական և բոլոր իրավական հարաբերությունները կարգավորող այլ օրենքներում: Չնայած երբեմն հրատապության, խնդիրն արագ լուծելու թելադրանքով լինում են նաև բացառություններ»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը  համաձայն չէ նաև շահագրգիռ կողմերին օրենսդրական նախագծերին իրազեկելու հարցի վերաբերյալ ՄԻՊ-ի քննադատական դիտարկմանը, քանի որ « տնտեսվարող սուբյեկտների հետ կոմիտեն պարբերական հանդիպումներ է նախաձեռնում` նրանց տեսակետներն ու առաջարկները լսելու և հաշվի առնելու նպատակադրությամբ»:

Բացի այդ 2012թ. ՊԵԿ-ի բոլոր օրենսդրական նախաձեռնությունները տեղադրվել են կոմիտեի պաշտոնական կայքում, դրանց վերաբերյալ հարկ վճարողներից ստացվել են շուրջ 10 հազար տարբեր բնույթի առաջարկություններ և հարցեր, որոնք քննարկելուց հետո միայն ՊԵԿ-ի կողմից այդ նախագծերը, հետագա ընթացքն ապահովելու համար, տրամադրվել են ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Նախորդ հոդվածը‘Մարտենսը զարմացած է Հովհաննիսյանի քննադատությունից’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է Իրանին’