‘ՊԵԿ. Չվճարեք, մինչեւ մարտի 28-ը տույժեր չեն հաշվարկվի’

800

Կուտակային վճարների ներդրման հետ կապված ՊԵԿ-ը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանականերում: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010թ. դեկտեմբերի 22-ին ընդունվել էր մեծածավալ օրենսդրական փաթեթ (այդ թվում` «Պետական կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին»,  «Եկամտային հարկի մասին» ու «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքները), որով նախատեսվում էր Հայաստանում եկամտային հարկի և կուտակային վճարների աստիճանաբար ներդրում: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է դրա իրականացման համապատասխան միջոցառումներ և ժամանակացույց:

Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների հաշվարկները ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում օգտագործվող համակարգչային ծրագիրը նախագծվել(մշակվել) է վերը նշված օրենքներին, միջոցառումներին համապատասխան:

Հաշվի առնելով, որ պարտադիր կուտակային վճարները, որպես նշված համակարգի բաղադրիչ, հաշվարկվում են գործատուների կողմից եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների ամփոփ հաշվարկներում նշված աշխատավարձերից, պարտադիր կուտակային վճարների հաշվարկման ծրագրային մոդուլը ևս ապահովում է պարտադիր կուտակային վճարների ավտոմատ հաշվարկումը, ինչպես դա իրականացվում է եկամտային հարկի և այլ հարկատեսակների համար:  Դա պայմանավորված  է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հստակ պահանջով, որի համաձայն գործատուները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում է նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ: Հետևաբար ՊԵԿ-ն իրավասու չէ խախտել գործող օրենքի պահանջը՝ հաշվետվության ձևից հանելով պարտադիր կուտակային վճարների դաշտը:

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ, «Կուտակային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրենց աշխատողների համար (անունից) պարտադիր կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ: Պարտադիր կուտակային վճարների հաշվարկումը պայմանավորված չէ վարչարարության գործիքների կիրառմամբ: Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները (ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները, ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման համաձայն՝ նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից մինչև 28.03.2014թ. չեն հաշվարկվի տույժեր և չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ:

Պետական եկամուտների կոմիտե

Նախորդ հոդվածը‘Facebook-ի օգտատերերի ընդամենը 10 %-ն է ամեն օր ստատուս թարմացնում ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սահմանից այս կողմ տեղի է ունենում գողություն. Տեսանյութ’