‘ՊԵԿ պետի տեղակալ. «Շատ դժվար է, աշխատում ենք» ‘

651

Այս տարվա պետական բյուջեի եկամտային մասի ծրագրային ցուցանիշը դեկտեմբեր ամսվա համար ավելի քան 85 միլիարդ դրամ է: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ինչպես հայտնի է, այս տարվա պետական բյուջեի եկամտային մասը համալրվել է 101 մլրդ դրամով ու կազմել 875.4 մլրդ դրամ:

«101 միլիարդի մեծ մասը 11 ամիսներին, ըստ էության, կատարվել է: Շատ դժվար է, աշխատում ենք»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ չի տիրապետում տեղեկությունների, թե հարկերի հավաքման ժամանակ դժվարություններ կան:

Հիշեցնենք, որ 101 միլիարդի լրացուցիչ հավաքագրման հարցը տարաձայնություններ էր հարուցել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի և կառավարության միջև: Խաչատրյանը մտահոգություն ու կասկած էր հայտնում, թե իր ղեկավարած կոմիտեին կհաջողվի հավաքագրել նշված գումարը, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պնդում էին, որ գումարը կհավաքվի:

 

Նախորդ հոդվածը‘5 պատանդ վերցրած ճապոնացին պահանջում է վարչապետի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը պատասխանել է սփյուռքահայ ներդրողի նամակին ‘