‘«Պենտագոնի փաստաթղթերի» արտահոսքի հեղինակը Սնոուդենին կոչ է անում չհանձնվել ԱՄՆ-ին’

787

Դենիել Էլսբերգը, որը 1971 թ. ամերիկյան մամուլին էր հանձնել Վիետնամի պատերազմի մասին գաղտնի փաստաթղթերը, դիմել է Էդուարդ Սնոուդենին և իր հայրենակիցներին՝ կոչ անելով շարունակել պայքարը հանուն ժողովրդավարության և խոսքի ազատության: «Շատերն ինձ օրինակ են բերում, որ չեմ լքել երկիրը (տեղեկատվության արտահոսքից հետո)՝ ի տարբերություն Էդուարդ Սնոուդենի: Բայց ես համաձայն չեմ: Այն երկիրը, որտեղ ժամանակին ես որոշեցի մնալ, բոլորովին այլ Ամերիկա էր»,- գրել է Էլսբերգը The Sudney Morning Herald-ի իր հոդվածում:

1971 թ.՝ Վիետնամի պատերազմի թեժ շրջանում, Էլսբերգը, լինելով RAND ռազմավարական և հետազոտական կենտրոնի ռազմական վերլուծաբանը, լրագրողներին էր փոխանցել «Ամերիկա-վիետնամական փոխհարաբերությունները, 1945-1967» ժողովածուն, որն ավելի հայտնի է «Պենտագոնի փաստաթղթեր» անվամբ: Վիետնամական պատերազմի պատճառների և առանձնահատկությունների մասին պատմող այդ փաստաթղթերը նախատեսված էին բացառապես ԱՄՆ պաշտպանության նախարարության ներգերատեսչական օգտագործման համար:

Երբ դրանք հրապարակվեցին The New York Times-ում և The Washington Post-ում, այդ թերթերի նկատմամբ դատավարություն սկսվեց, իսկ արտահոսքի հեղինակն ինքը երկու շաբաթով անցավ ընդհատակ՝ այդ ընթացքում հասցնելով ԶԼՄ-ներին փոխանցել մնացած փաստաթղթերը, որից հետո նա կամովին հանձնվեց իշխանություններին: Երկու տարի տևած հետաքննության ընթացքում, սակայն, Էլսբերգն ազատորեն շփվում էր մամուլի հետ, տեղաշարժվում, շարունակում իր հակապատերազմական գործունեությունը, դասախոսություններ էր կարդում: Սակայն նա Սնոուդենին խորհուրդ չի տալիս նույն բանն անել, քանի որ դրա որ մի երաշխիքը չի տեսնում:

Ըստ նրա՝ ինքն այն ժամանակ պարզապես բացել էր ամերիկացիների աչքերը՝ որ իշխանությունները սուտ են խոսում պատերազմի մասին: Մինչդեռ Սնոուդենի գաղտնազերծած տեղեկությունները շատ ավելի լուրջ են. նա ցույց է տվել, որ ամերիկյան հատուկ ծառայություններն ընդունակ են ամեն ինչի, որպեսզի տեղյակ լինեն յուրաքանչյուր մարդու գործունեությանը: Ազգային անվտանգության գործակալությունը Էլսբերգը համեմատում է արևելագերմանական «Շտազիի» հետ՝ հսկայական ծավալներով, իսկ ամբողջ ամերիկյան վարչակարգն անվանում է «Ամերիկայի Միացյալ Շտազի»,- փոխանցում է newsru.com-ը: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը Վատիկանից պահանջում է հաշվետվություն՝ մանկապղծության վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին պատրաստ է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին’