‘
Այն հայտարարությունները, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է հրահանգել չհեռանալու ստորագրությամբ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին, մեղմ ասած՝ հիմարություն է, Business FM ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ Պեսկովի՝ հինգ տարվա ազատազրկման դատապարտված Նավալնիի խափանման միջոցի փոփոխությունը կատարվել է օրինական կարգով, և «այստեղ նախագահին խառնելը միանգամայն անտրամաբանական է և սխալ»: Պեսկովն այս մեկնաբանությունն արել է՝ ի պատասխան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների, թե իբր Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինն անձամբ է դիմել երկրի ղեկավարությանը՝ խնդրելով փոխել Նավալնիի խափանման միջոցը՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը: «Ведомости» թերթի այսօրվա համարում զետեղված «Ով է կանգնած Նավալնիի ազատման ետևում» հրապարակման մեջ նշվում է, որ Նավալնին, որպես թեկնածու՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում, Սոբյանինին պետք է այն բանի համար, որ նրա հաղթանակն ավելի էական քաղաքական կշիռ ձեռք բերի, հաղորդում է lenta.ru-ն:
‘