‘
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան չի ազդի «Թուրքական հոսքի» շինարարության և Մոսկվայի ու Անկարայի փոխհարաբերությունների վրա, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունենք Թուրքիայի Հանրապետության հետ, որոնք շատ ամուր, փոխշահավետ տնտեսական համագործակցության հիմքի վրա են: Մեր դիրքորոշումները շատ համաշխարհային խնդիրների վերաբերյալ համընկնում են»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինի այցը Երևան չի ազդի գազատարի շինարարության և Ռուսաստանի ու Թուրքիայի փոխհարաբերությունների վրա:
Մամլո քարտուղարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են «բյուրավոր տարբեր թելերով»: «Այդ միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բան վտանգող»,-հայտարարել է Պեսկովը: Փոխանցում է gazeta.ru-ն:
‘