‘Պետական դավաճանության համար ազատազրկվածի մայրը համոզված է, որ որդին անմեղ է’

678

Պետական դավաճանության համար աղմկահարույց գործով 10 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Չտրկյանի հարազատներն այսօր դարձյալ նախագահական նստավայրի մոտ ցույց են անցկացրել: Աշոտ Չտրկյանի մայրը` Անահիտ Չտրկյանը, պնդում է, որ իր որդին անմեղ է և պահանջում է, որ Վճռաբեկ դատարանն արդարացի վճիռ կայացնի: Աշոտ Չտրկյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությանն օժանդակելը) եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Նրա մայրը բաց նամակ է գրել, որը ներկայացնում ենք ստորև.

«2011թ. հուլիսի 23-ին ԱԱԾ աշխատակիցները (թվով 8 մարդ) ներխուժեցին մեր տուն`որդուս ձեռքերը  շղթաներ հագցրած: Մեր տունը խուզարկեցին և ոչինչ չգտան: Ե՛վ որդիս, և՛ մենք չգիտեինք, թե ինչու էին խուզարկում մեր տունը: Այն հարցին, թե ուր է համակարգիչը, որը գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանն օգտագործել է, որդիս, քանի որ ոչնչից տեղյակ չէր, պատասխանեց, որ տան խուզարկությունը թող ավարտեն, հետո կտանի քեռու տուն և համակարգիչը կհանձնի նրանց: Քեռու տունը մեր տանից հեռու չէ: Խուզարկությունից հետո որդիս ուղեկցեց նրանց քեռու տուն:

Մեկ օր առաջ գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը որդուցս համակարգիչ էր խնդրել, որպեսզի սկայպով խոսի Վանաձորում գտնվող կնոջ հետ, որովհետև տարաձայնություններ ուներ: Քանի որ մեր նոթբուքը տանը չէր, որդիս Կարենին ուղեկցում է քեռու տուն, և Կարենը  խնդրում է առանձին  թողնել իրեն: Ինչ   իմանար որդիս, որ ԱԱԾ քննիչ Ա. Թևանյանը և Կարեն Մեհրաբյանը որդուս գլխին   սարքել են և ինչ-որ  տեղեկություններ  են  հաղորդել  համակարգչով: Այդ  սքան  արած    թղթերը  ԱԱԾ քննիչ  Ա. Թևանյանն  էր  տվել   Կարենին,   և  ոչ  մի գաղտնի տեղեկություն չէին պարունակում: Ի՞նչ իմանար որդիս.

 

1.Եթե որդիս իմանար, որ Կարեն Մեհրաբյանը ինչ-որ բան է հաղորդել համակարգչով, ապա ինչո՞ւ պետք է ԱԱԾ աշխատակիցներին համակարգչի տեղը ցույց տար:

2.ԱԱԾ աշխատակիցները առգրավման թուղթ  չունեին, բայց   որդիս առանց  առգրավման  թղթի, իր  ձեռքով  հանձնել է համակարգիչը:

3.Քեռու տանը մեկի փոխարեն երեք համակարգիչ կար. որդիս կարող  էր մյուս համակարգիչը  հանձնել, եթե  իմանար այդ մասին:

4.Որդիս ծրագրավորող է: Եթե իմանար, որ Կարենը գաղտնի տեղեկություններ է հաղորդել, ապա   սխեման համակարգչի միջից կհաներ  կամ  համակարգիչը  կվերացներ:

 

Այս ամենը ապացույց են այն բանի, որ որդիս տեղեկություն չի ունեցել գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանի գործունեությունից:

 

Մյուս մեղադրանքն այն է, իբր որդիս Թուրքիայից 300 դոլար է ուղարկել Կարեն Մեհրաբյանին` Հայաստան: Որդուս դատապաշտպան Հարություն Բաղդասարյանի հրավիրած վկան` Հովհաննեսը, առաջին ատյանի դատարանում հայտարարեց, որ գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը իրեն է զանգել և խնդրել, որ Տիգրանից 300 դոլար վերցնի և փոխանցի Հայաստան` Կարեն Մեհրաբյանին: Հովհաննեսը, քանի որ օրը կիրակի էր, և չգիտեր, թե որտեղից կարելի է ուղարկել, հանդիպում է որդուս`Աշոտին, և որդիս ցույց է տալիս տեղը, թե ում միջոցով կարելի է ուղարկել: Որդուս`Աշոտի ձեռքը այդ գումարին չի դիպել անգամ: Հաջորդ օրը որդիս զանգում է Կարենին և հարցնում. «Կարեն, այդ ի՞նչ փող ես ուզել Հովհաննեսից», և Կարենն անպատասխան է թողնում հարցը: Միթե դեբիլ քննիչ Ա. Թևանյանը և ծախու դատախազ Ա. Ամիրզադյանը սա չհասկացան…Որդիս այդ գումարի հետ գործ չի ունեցել: Քրեական գործում պարզ երևում է, որ Կարեն Մեհրաբյանը Հովհաննեսից է ուզել 300 դոլարը:

 

Հարց է ծագում, թե ԱԱԾ «քննիչ» Ա. Թևանյանն ինչո՞ւ է այդքան մակերեսային գործ վարել: Ինչու՞ չի հարցաքննել Հովհաննեսին: Բա ի՞նչ բարդեր Աշոտի վրա: Եվ սա կոչվում է օժանդակություն, և այս պատճառով որդուս 10 տարվա ազատազրկման են ենթարկել: Ե՛վ առաջին ատյանի դատարանում, և՛ վերաքննիչ դատարանում գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը բազմիցս շեշտել ու կրկնել է շարունակ, որ Աշոտը իր գործունեությունից տեղյակ չի եղել, որ գաղտնի է գործել Աշոտից: Կարեն Մեհրաբյանը տալիս է 12 իրական մեղավորների անունները (դատախազ, գնդապետ, փոխգնդապետ և ուրիշներ), նրանք մեզնից լավ գիտեն: Բայց նրանք ազատության մեջ են, իսկ մեղադրյալի աթոռին նստած են 5 անմեղ երիտասարդներ: Ու՞մ պատվերն են կատարում: Ինչո՞ւ են բանտերը լցնում անմեղ երիտասարդներով: Ինչո՞ւ պետք է քանակ ապահովելու համար անմեղ մարդիկ պատասխան տան ուրիշների փոխարեն:

 

Այս  քրեական  գործը  լի  է  մարդու  իրավունքների  կոպիտ  խախտումներով: Որդուս   փաստաբան   Հարություն   Բաղդասարյանը  նշել է 20-ից ավելի խախտումներ ու աղավաղումներ, բայց  ո՞վ  է   բանի  տեղ  դնում. բոլորը  վախենում են   իրենց  աթոռներից, պաշտոնները  կորցնելուց:

 

Քննիչ   Ա. Թևանյանը և ծախու դատախազ Ա. Ամիրզադյանը, տեսնելով, որ որդուս դեմ ոչ մի ապացույց կամ փաստ չունեն, քրեական գործից հանել են բոլոր հեռախոսային խոսակցությունները, որոնք  ապացուցում  են  որդուս  անմեղությունը, և դրա փոխարեն վերցրել են նախադասություններ, կտրել են առաջին և վերջին մասերը և ստեղծել իրենց ձեռնտու նախադասություններ: Սա նույնպես  մարդու  իրավունքի  կոպիտ  խախտում  է, և այդպես, իրենց  սուտը բրթելով, առաջ են տանում:

ԱԱԾ քննիչ Ա. Թևանյանը, տեսնելով, որ որդուս դեմ ոչ փաստ կա, ոչ ապացույց, ասել է. «Բրթելով էլ լինի, քեզ դատելու եմ, որ գնացել ես Թուրքիա՝ աշխատելու»: Այդ դեպքում ինչո՞ւ չի դատում հայ ազգի 50 %-ին:

 

Ես մայր եմ և 30-ից ավել տարիներ շարունակ կրթել ու դաստիարակել եմ բազմաթիվ սաների, մի՞թե այդ ոճրագործները`քննիչ Ա.Թևանյանը, դատախազ Ա.Ամիրզադյանը, դատավորներ Մ.Մարտիրոսյանը և Ա.Դանիելյանը մայրեր չունեն, խիղճ չունեն, որ մեղադրում են անմեղ մարդուն: Ես միամիտ մայր եմ, որ շարունակ նամակներ եմ գրում «ամեն ինչից անտեղյակ» պարոն Սերժ Սարգսյանին, պարոն Աղվան Հովսեփյանին` օգնություն խնդրելով, արդարության սպասելով: Ես ուզում եմ բղավել,որպեսզի լսեն բոլորը.

-Որդիս անմեղ է, անօրեննե՛ր: 

 

Դատավարությունների ընթացքում որդիս, տեսնելով, որ անհիմն են մեղադրում իրեն, ՍՏԻ ԴԵՏԵԿՏՈՐ է պահանջել, բայց մերժել են`ասելով,որ մասնագետ չունեն:

Որդիս Նոր կտակարանն է պահել ծախու դատախազ Ա. Ամիրզադյանի դեմքին, որ նայի խաչին. սուտ չխոսի:

Որդիս հացադուլ է հայտարարել`լսելի դարձնելու իր անմեղությունը, բայց իզուր. շուրջբոլորը կույր և խուլ են ձևանում:

Այժմ գործը պետք է քննվի վճռաբեկ դատարանում: Ես միայն մի բան եմ խնդրում.

-ԱՆԱՉԱՌ ԵՂԵՔ, ՄԻ՛ ԴԱՏԱՊԱՐՏԵՔ ԱՆՄԵՂՆԵՐԻՆ»:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է` զերծ մնալ զինծառայությունից խուսափելու գործարքներից’
Հաջորդ հոդվածը‘«Ռենջ Ռովերը» դուրս բերվեց Հրազդան գետից և տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանման տարածք’