‘Պետական լեզվի կենտրոն. Լատվիայում արգելվել է եվրոյի գոտի մտնելու վերաբերյալ ծանուցել ռուսերեն’

737

Լատվիայի պետական լեզվի կենտրոնը արգելք է դրել 2014 թ. հունվարից միացյալ եվրոպական արժույթի անցնելու վերաբերյալ տեղեկատվական նյութեր տարածել ռուսաց լեզվով, որոնք պատրաստել է երկրի ֆինանսների նախարարությունը:

Ֆինանսների նախարարությունը նախատեսել էր լատիշերեն և ռուսերեն լույս ընծայել «Եվրո: Լատվիան աճում է» թերթը, որը հասարակությանը տեղեկացնելու էր եվրոյի գոտի մուտք գործելու մասին: Սակայն Պետական լեզվի կենտրոնը հիշեցնում է, որ Լատվիայի պետական լեզուն միմիայն լատվիերենն է, ուստի և պարբերականի ռուսալեզու 200 հազար օրինակը բնակիչներին չի հասնի:

2010 թ. մարտին Լատվիայի կառավարությունը որոշում էր կայացրել, որ երկրում եվրոն կներդրվի 2014 թ. հունվարի 1-ին: ԵՄ խորհուրդը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների մակարդակով, հուլիսի 9-ին պաշտոնապես հայտարարեց, որ գալիք տարվա սկզբից Լատվիան կմտնի եվրագոտի:

Լատվիայի բնակչությունը 2 միլիոնից ավելի է, դրա 40 %-ը ռուսալեզու են: Անցյալ տարվա փետրվարին իրավապաշտպանները համազգային հանրաքվե էին կազմակերպել ռուսաց լեզվին Լատվիայի երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու հարցով: Սահմանադրության մեջ համապատասխան ուղղումների օգտին քվեարկել էր քաղաքացիների 24,88 %-ը, դեմ՝ 74, 8%-ը, փոխանցում է ИТАР-ТАСС –ը:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Լեպսը հաստատել է իր ծանոթությունը «Եղբայրական շրջանի» պարագլխի հետ’