‘Պետական հիմնարկներում պարտադրում են «կամավոր» կուտակային վճարումներ անել’

1125

Պետական հիմնարկների աշխատողերին ստիպում են «կամավոր» կենսաթոշակային կուտակային վճարներ կատարել: Երեւանի վարչական շրջաններից մեկի աշխատակազմում աշխատող մեր զրուցակիցը նշեց, որ ղեկավարությունից պահանջում են կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընտրել եւ պահումներ են անում հունվարի աշխատավարձերից:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը, հունվարի 24-ի որոշմամբ, մինչեւ մարտ ամիս կասեցրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենսդրական փաթեթի այն դրույթները, որոնք պարտադիր կուտակային վճարումներ կատարելուց խուսափելու համար վարչական պատասխանատվություն են նախատեսում: ՍԴ-ն, ըստ էության, կասեցրել է պարտադիր բաղադրիչի կիրառությունը` մինչեւ հարցի վերաբերյալ ԱԺ չորս խմբակցությունների ներկայացրած հայցով վերջնական վճիռ կայացնելը:
Իր որոշման հիմնավորման մեջ ՍԴ-ն նշել է, որ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ պրտադիր կուտակայինի հնարավոր մասնակիցների ցուցակային մասնակիցների թիվը կազմել է շուրջ 246 հազար մարդ, մինչդեռ, կամավոր կուտակային վճարումներ կատարել են նրանցից ընդամենը 155-ը կամ 0,06 տոկոսը: Այդ թիվը հունվարի 16-ի դրությամբ հասել է 1309-ի (0,5%)

«Այնինչ, կուտակային կենսաթոշակային համակարգի հաջողությունը մեծապես պայմանավորված է այդ համակարգի նկատմամբ բնակչության պատշաճ իրազեկվածությամբ եւ վստահությամբ», — ասվում է ՍԴ որոշման մեջ:

Ըստ մեր զրուցակցի՝ պետական հիմնարկներում աշխատողների վրա այս օրերին ճնշում են գործադրում, որպեսզի մինչեւ ՍԴ վերջնական որոշումը պատրանք ստեղծվի, թե, չնայած պարտադիր բաղադրիչի կասեցմանը՝ բազմաթիվ մարդիկ «իրազեկված են եւ վստահությամբ լի», հետեւաբար` կամավոր կերպով սկսել են օգտվել համակարգից:

Աշխատողների վրա համատարած ճնշումների մասին ահազանգել են նաեւ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները:

Նրանք նշել են, որ, մասնավորապես, «Արմսվիսբանկ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գարանտ ինշուրանս» ընկերությունները, մի շարք մանկապարտեզներ, դպրոցներ աշխատավարձերից 5 և ավելի տոկոս են փոխանցում կուտակային ֆոնդերին:

«ՍԴ որոշման արդյունքում վեճի առարկան տեղափոխվել է գործատու-աշխատող հարթություն: Հիմա վեճեր են գնում այն մասին, թե որ գործատուն է հաշիվներին փոխանցումներ կատարել, պահումների հետ կապված՝ հաշվապահների շրջանում վեճեր են: Որպես այդպիսին՝ փոխանցելու մասին նորմը ՍԴ-ի կողմից կասեցված չէ, կասեցված  է չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու նորմը:  Այսինքն՝ գործատուն կարող է չկատարել: Այլ հարց է՝ գործատուն աշխատողի կողքին է, թե՝ ոչ», — Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: 

Նշենք, որ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն օրերս հայտարարել է, որ իր ղեկավարած նախարարությունը փոխհատուցում է նախարարության աշխատակիցների կուտակային վճարները: «Մենք, որպես գործատու, մեր աշխատողների կենսաթոշակային վճարները վճարելու ենք և վճարում ենք», — ասել է Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Նիլս Մուժնիեկսին ‘
Հաջորդ հոդվածը‘2013 թվականի չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությամբ Հայաստանում աչքի է ընկել միայն դեկտեմբեր ամիսը ‘