‘Պետական հիմնի ժամանակ սուլելը քրեական հանցագործություն չէ’

1033

Իսպանիայի դատարանը եզրակացրել է, որ ֆուտբոլային խաղերին պետական հիմնի ժամանակ սուլելը չի կարող քրեորեն հետապնդվել, հաղորդում է mundodeportivo -ն:

2015թ. Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման ժամանակ «Բարսելոնայի» եւ Բիլբաոյի «Աթլետիկի» երկրպագուները սուլոցներով էին ընդունել Իսպանիայի հիմնի կատարումը: Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում կայացած հանդիպմանը ներկա էր եղել նաեւ Իսպանիայի թագավորը: «Բարսելոնան» հաղթել էր 3:1 հաշվով: Կատալոնիայի եւ Բասկերի երկրի բնակչության մեծամասնությունը կողմ է Իսպանիայից անկախանալուն:

Բռնության, ռասիզմի, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ հանձնաժողովը միջադեպի կապակցությամբ փաստաթղթեր էր ներկայացրել Իսպանիայի գլխավոր դատախազություն եւ գործը հասել էր դատարան:

Սակայն Իսպանիայի Ազգային դատարանի դատավոր Ֆերնանդո Անդրեուն հայտարարել է, որ այդ միջադեպը չի կարող համարվել քրեական հանցագործություն, քանի որ այդպիսի գործողությունները պաշտպանված են խոսքի եւ կարծիքի արտահայտման ազատությամբ:

«Կարծիք արտահայտելու ազատությունը ժողովրդավարական սկզբունքների անկյունաքարն է»,- հայտարարել է դատավորը:

Իսպանիայում 2009 թվականին եւս նման միջադեպի գործով դատարանը չէր կայացրել մեղադրական դատավճիռ:

Նախորդ հոդվածը‘«Ռայո Վալյեկանոյի» մարզիչը պարզաբանել է֙ ինչո՞ւ Արաս Օզբիլիսը դարձյալ չի հայտավորվել’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Մարդ, ով Թոմաս Տուխելի գլխավորությամբ վերածնվեց Դորտմունդում’