‘
ՀՀ Կառավարության առաջիկա նիստում գործադիրը կհաստատի վարկային հերթական համաձայնագիրը: Այս անգամ վարկը ՀՀ Կառավարությանը տրամադրելու է եվրոպական KFW բանկը` 75 միլիոն եվրոյի չափով: Վարկային միջոցները նախատեսվում է ծախսել հայկական և վրացական էներգահամակարգերը միացնելու ծրագիրն իրագործելու համար: Նախատեսվում է, որ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի միջոցով հնարավոր կլինի ապահովել Հայաստանից դեպի Վրաստան էլէներգիայի արտահանում: Այս մասին գրում է «Ժողովուրդը» և մանրամասնում. «Հաշվի առնելով, որ բարձր լարման նոր հոսանքագիծը ձգվելու է մինչև Հրազդան, ուստի ենթադրվում է, որ դրանով արտահանվելու է «Հրազդան ՋԷԿ»-ի արտադրված էլէներգիան: «Հրազդան ՋԷԿ»-ը, ինչպես հայտնի է, պատկանում է ռուսներին: Այսինքն՝ այս դեպքում էլ, ուզենք թե չուզենք, ստացվում է, որ պետական վարկային միջոցները ծախսվելու են մեկի` ռուսական մասնավոր ընկերության արտադրանքի իրացման խնդիրը լուծելու համար»:
‘