‘Պետդեպ. Ղրիմի հետ կապված պատժամիջոցները կմնան ուժի մեջ’

1853

Ղրիմը Ռուսաստանին միացնելու կապակցությամբ սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ թերակղզին չի վերադարձվել Ուկրաինային: Այդ մասին ասվում է պետքարտուղարության մամլո ծառայության պետ Հեզեր Նաուերտի հայտարարության մեջ, որ տարածվել է չորեքշաբթի:

«Չորս տարի առաջ այս օրերին Ռուսաստանը Ուկրաինայում անօրինական, կեղծ «հանրաքվե» անցկացրեց՝ ապարդյուն կերպով ջանալով օրինականացնել ուկրաինական տարածքի անեքսիան: Ղրիմի բնակիչներն ստիպված էին քվեարկության գնալ սպառազինված ռուսաստանցի զինվորների վերահսկողության տակ: Ռուսաստանի հայտարարությունները, թե ուկրաինացիներն ազատորեն իրենց ընտրությունն են կատարել հանրաքվեում, երբեք վստահություն չեն ներշնչել: Ղրիմը Ուկրաինայի մասն է, և Ղրիմի հետ կապված մեր պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը թերակղզու վերահսկողությունը չի վերադարձրել Ուկրաինային»,- ասել է Նաուերտը:

Նրա խոսքով՝ չորեքշաբթի այցելելով Ղրիմ՝ Վլադիմիր Պուտինը «կրկնել է ուկրաինական տարածքի նկատմամբ Ռուսաստանի կեղծ հավակնությունները», ինչը Ռուսաստանի կառավարության կողմից բացահայտ արհամարհանք է միջազգային օրենքի և ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ:

 Նոուերտի հայտարարության մեջ ասվում է, որ Ղրիմի բնակչությունը «հսկայական մարդկային վնասներ է կրում», իսկ իշխանությունները հետապնդում են բոլորին, ովքեր դեմ են արտահայտվում անեքսիային: Պետքարտուղարության ներկայացուցչի պնդմամբ՝ «հետապնդումների» ու «հալածանքների» են ենթարկվում «Ղրիմի թաթարները, էթնիկ ուկրաինացիները, ուկրաինամետ ակտիվիստները, քաղաքացիական հասարակության անդամներ և անկախ լրագրողներ»:

Փոխանցում է tass.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Սիրելի որդի էլ կա, սիրելի որդի էլ’