‘
Մարտի 15-ին ՌԴ պետդուման վավերացրել է ռուսաստանա-ավստրիական միջկառավարական պայմանագիրը՝ Էստերհազիի գրքերի հավաքածուն Ավստրիայի Հանրապետությանը վերադարձնելու մասին: Դումայի երկու խմբակցություններ՝ ՌԴԿԿ-ն և «Արդար Ռուսաստանը», հայտարարել են, որ դեմ են քվեարկում, իսկ ՌԼԴԿ-ի խմբակցությունը որոշել է ձեռնպահ մնալ, այնպես որ՝ փաստաթուղթն ընդունվել է «Միացյալ Ռուսաստանի» ձայներով:
Գրքերի հավաքածուն, որ նախկինում եղել է Էստերհազի իշխանների սեփականությունը, Ավստրիայից ԽՍՀՄ էր բերվել 1945 թ. ամռանը՝ խորհրդային ռազմական ստորաբաժանումներից մեկի միջոցով: Հավաքածուն բաղկացած է աստվածաբանության, աստղագիտության, փիլիսոփայության, բժշկության, պատմության, մշակույթի և իրավունքի վերաբերյալ 15-18-րդ դարերի 977 հրատարակություններից, այդ թվում՝ 15-րդ դարի տպագրության 10 ինկունաբուլաներից (առաջին տպագրության նմուշներ) և 16-րդ դարի 300 գրքերից, փոխանցում է INTERFAX.RU-ն:
‘