Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը խոստացել է վերականգնել Մարիուպոլի դրամատիկական թատրոնը, որը քաղաքի համար մղվող մարտերի ընթացքում ռմբակոծության է ենթարկվել ռուսաստանյան օդուժի կողմից։
Այդ մասին Բեգլովը հայտարարել է «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ըստ նրա՝ վերականգնողական աշխատանքների ընթացքում, այդ թվում՝ դրամատիկական թատրոնը վերականգնելու համար, Մարիուպոլ կժամանեն հազարավոր պետերբուրգցիներ, նրանցից 60-ն արդեն քաղաքում են։
Նահանգապետը նաև հայտնել է Մարիուպոլում մարզահրապարակներ ստեղծելու և սեպտեմբերի 1-ի դրությամբ երեք դպրոց և երեք մանկապարտեղ բացելու պլանների մասին։
Բեգլովը հավաստիացրել է, որ Մարիուպոլի վերականգնման համար հատկացվող օգնությունը չի ազդի Պետերբուրգի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, քանի որ քաղաքային բյուջեում բավարար քանակով փող կա։ «Մենք շատ խնդիրներ ունենք, բայց դրանք այն խնդիրները չեն, ինչ ունեն Մարիուպոլի բնակիչները»,- հայտարարել է Բեգլովը։
Փոխանցում է BBC-ն։