Պետրակով. «Բավարարված եմ իմ ֆուտբոլիստների խաղով ու նրանց մոտեցումով»

88

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Խորվաթիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլի շրջանակում կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ հաջողության հասնելուն կարող են օգնել երկրպագուները, ֆուտբոլիստների մոտիվացիան, կարգապահությունը, նվիրումն ու առաջադրանքների ճիշտ կատարումը:

«Բոլորն աշխատում են, որ հավաքականը պատրաստ լինի վաղվա խաղին: Մեզ կարող են շատ օգնել երկրպագուները, ֆուտբոլիստների մոտիվացիան, կարգապահությունը, նվիրումն ու առաջադրանքների ճիշտ կատարումը: 

Բարսեղյանի վնասվածքի մասին չենք իմացել մինչև նրա ժամանումը, իսկ նրա փոխարեն այլ խաղացող չհայտավորեցի, քանի որ արդեն իսկ հարձակողական ոճի 7 ֆուտբոլիստ էի ընդգրկել կազմում: 

Շաղոյանին չհրավիրելու պատճառն այն է, որ նա ակումբում խաղում է, բայց գոլեր չի խփում, իսկ հավաքականի հարձակման գծում հիմա մեծ մրցակցություն կա: Անցել են այն ժամանակները, երբ ֆուտբոլիստներ էին հրավիրվում՝ անկախ նրանից՝ խաղո՞ւմ են, թե՞ ոչ, կամ ինչ մարզավիճակում են: Բայց մենք շարունակում ենք հետևել ինչպես նրա, այնպես էլ բոլոր ֆուտբոլիստների խաղին: Առաջընթացի դեպքում հավաքականի դռները միշտ բաց են նրա համար: 

Կարծում եմ՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում առաջընթաց կա: Ճիշտն ասած՝ շատ զարմացած եմ, որ Երևանն այսքան գեղեցիկ քաղաք է: Այն օրն էլ նախագահին ասացի, որ մի բան չի հերիքում, ու խոսքը վերաբերում է 5-աստղանի մարզադաշտին: Մեծ թվով մարդիկ ցանկանում են գալ՝ խաղը դիտելու, բայց այդպիսի մարզադաշտ դեռևս չկա: Շատ կարևոր է նաև, որ հայ ներդրողները ներդրումներ կատարեն մանկապատանեկան ֆուտբոլում: Անկեղծորեն կարծում եմ՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղացող ֆուտբոլիստների շրջանում առայժմ այնքան էլ արժանի ֆուտբոլիստներ չկան, որոնք մինչև այժմ չեն հրավիրվել Հայաստանի հավաքական: 

Հարոյանի բացակայության պայմաններում տակտիկական առումով ոչինչ չի փոխվի, բայց նա մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ ու անձնավորություն է: Նա երեկ մեզ հետ մարզվել է, ընթրել: Այսօր նա կրկին կլինի մեզ հետ ու կմարզվի: Ինչ վերաբերում է Բիչախչյանին, այո՛, ձեռքի խնդիր ունի: Հնարավոր է՝ հատուկ ֆիքսող սարքով խաղադաշտ դուրս գա: 

Ես բավարարված եմ իմ ֆուտբոլիստների խաղով ու նրանց՝ աշխատանքի հանդեպ ունեցած մոտեցումով»,- ասել է Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսին:

Հարցին, թե Հարոյանի բացակայության պայմաններում վաղը ո՛վ է լինելու թիմի ավագը, նա պատասխանել է՝ «վաղը կտեսնեք»:

Նախորդ հոդվածըՖլիկն ազատվել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Հաջորդ հոդվածըՌուբիալեսը հայտարարել է, որ հրաժարական է տալիս