‘Պետք չէ համալիրին մոտենալ որպես մեկսենյականոց բնակարանի. ՄՀՀ ներկայացուցիչ’

816

Մարզահամերգային համալրի համար հայտարարված աճուրդը «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը համարում է անօրինական: Նրա գնահատմամբ, աճուրդը հայտարարելու ընթացքն իրականացել է խախտումներով: Ըստ նրա, նպատակն է քողարկել «Մարզահամերգային համալիր»-ի վարկային երաշխքիներ մարելու այլ գործարքներ: Հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կորյուն Գրիգորյանը շեշտեց, որ համալիրի գործունեության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում, և տարիների ընթացքում կատարված 42 մլն դոլարի չափով ներդրումների փաստը չի շեշտվում: «Որոշակի ուժեր շահագրգռված են, որ համալիրը հանեն աճուրդի և վաճառեն ձեռնտու գնով: Ունենք շատ վտանգավոր խնդիր, քանի որ օտարերկրյա ներդրում էլ կա, և վիճակը կհանգեցնի նրան, որ որևէ ծրագրի շրջանակում մարդիկ չեն ցանկանա օտարերկրյա ներդրումներ կատարել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Կորյուն Գրիգորյանը:  

Ընկերության փաստաբան Արմինե Հակոբյանը նշում է, որ ԴԱՀԿ-ն խախտել է օրենքը, քանի որ չէր կարող դիմել դատարան խորհրդատվական բնույթի որոշում ստանալու համար: «Մինչդեռ ԴԱՀԿ-ն հենց խորհրդատվություն ստանալու ծանուցմամբ է դիմել դատարան: Այս պահին հարցը քննվում է վերաքննիչ դատարանում, և օրինական ուժի մեջ չմտած որոշումով ԴԱՀԿ-ն առաջին աճուրդի չկայացումից հետ կրկնաճուրդ է հայտարարում»,- ասաց Արմինե Հակոբյանը` հավելելով, որ վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին: Փաստաբանի մտահոգության կենտրոնում է նաև այն հանգամանքը, որ կառույցը պատմամշակութային հուշարձան է, և նրանք դիմել են կառավարությանը, որ ճշտեն` ինչ չափորոշիչներով պետք է համալիրի աճուրդի համար գին սահմանվի: Նրանց գնահատմամբ, կառավարությունից պատասխանել են, որ չափորոշիչներ չկան, և պետք է ստեղծվի հանձնաժողով` կառույցի պատմամշակութային արժեքը գնահատելու համար: «Սակայն մինչ հանձնաժողովը կսահմանի գինը, ԴԱՀԿ-ն ընդամենը որպես կառույց է գին է սահմանել` առանց հաշվի առնելու կառույցի արժեքը»,- ասաց Արմինե Հակոբյանը:

Կորյուն Գրիգորյանի գնահատմամբ, անհրաժեշտ է տրամադրել նորմալ ժամանակացույց վարկերը մարելու համար: «Պատասխանատվությամբ ենք մոտենում հարցին և երբեք չենք հայտարարել, որ չենք մարելու վարկերը: Պետք չէ համալիրին մոտենալ որպես մեկսենյականոց բնակարանի և առանց գնահատելու գումար սահմանել»,- ասաց Կորյուն Գրիգորյանը:

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ. Պաշտոնատար անձը բռնություն է գործադրել կալանավորի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը ցրել է Վատիկանի ֆինանսների վարչության տնօրենների խորհուրդը’