‘Պերեսը նոր Ֆիգո է փնտրում’

784

Մադրիդի «Ռեալ»-ի ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսը մրցաշրջանի ավարտից հետո կայանալիք՝ ակումբի նախագահական ընտրություններում կփորձի հերթական ռումբը նետել իսպանական ֆուտբոլում, ինչպես իր առաջին հաղթանակած ընտրությունների ժամանակ՝ 2000-ին, երբ կատարեց իր նախընտրական խոստումը և Կատալոնիայից Մադրիդ բերեց Լուիշ Ֆիգոյին:

Ըստ կատալոնական «Սպորտ» օրաթերթի՝ Պերեսը պատրաստվում է ամռանը է՛լ ավելի ցավոտ հարված Բարսայի երկրպագուների համար, այս անգամ Ֆլորենտինոն ցանկանում է ձեռք բերել Բարսայի սան Սերխիո Բուսկետսին, անկախ նրանից՝ Մոուրինյոն կմնա՞ ակումբում, թե՞ ոչ:

Մադրիդիստները վաղուց են դժգոհում ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունից և ցանկանում են, որ ակումբը ստորագրի ոչ միայն կայացած աստղերի, ինչպես անում է Ֆլորենտինոն երկրորդ անգամ ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, այլև առաջին թիմ բարձրացնի ակումբի սաներին և ստորագրի այլ իսպանացիների:

Ֆլորենտինոյի պատրաստած քայլը առաջին հայացքից պարզ է: Պերեսը, հասկանալով, որ ամռանը, ամենայն հավանականությամբ, Մոուն կլքի թիմը, փորձում է ակումբի նախագահի ընտրություններից առաջ առավելություն ձեռք բերել իր ապագա մրցակիցների հանդեպ, ովքեր պետք է որ այլ՝ ավելի «մադրիդիստական» ծրագրեր առաջարկեն, ինչպիսիք են, օրինակ, մադրիդիստ մարզիչն ու կանտերանոների ներգրավումը առաջին թիմի կազմ: Բայց Ֆլորենտինոն այս քայլով պատրաստվում է ոչ միայն ուժեղացնել թիմի կազմը, այլև մեծ հարված հասցնել մադրիդցիների թշնամիներին, ինչպես դա արեց 2000 թվականին՝ ձեռք բերելով Ֆիգոյին, որից հետո Բարսան հայտնվեց երկարաժամկետ ճգնաժամի մեջ և միայն Ժոան Լապորտայի գալստով կարողացավ դուրս գալ նրանից:

Ինչու՞ հենց Բուսկետսը

Բարսայի նախկին դարպասապահի որդին, Գվարդիոլայի հետ բարձրանալով առաջին թիմ, այս 5 տարիների ընթացքում մեծապես առաջադիմեց: Պարբերաբար դուրս գալով մեկնարկային կազմում՝ նա առաջին մրցաշրջաններում կարողացավ հիմնական կազմում գրավել մեր օրերի լավագույն հենակետայիններից մեկի` Յայա Տուրեյի տեղը: Բարսայում Բուսկետսը նվաճեց հնարավոր ամեն ինչ, իսկ հետագայում հրավիրվեց ազգային հավաքական, որի կազմում նվաճեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Իսպանացիների գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նույնիսկ հայտարարեց, որ եթե նորից ֆուտբոլիստ լիներ, կցանկանար լինել Բուսկետսի նման:

Իհարկե, Սերխիոն համարվում է ներկայիս ամենախելացի հենակետայիններից մեկն աշխարհում, և նրա տեսակի խաղացող դժվար է գտնել, ով այդքան հանգիստ և կարգապահ կլինի խաղադաշտում: Բայց Ֆլորենտինոն փորձելու է օգտվել նրանից, որ կատալոնացին այնքան էլ գնահատված չէ իր հարազատ ակումբում: Նրա դաշտում «կեղտոտ գործը» հնարավորություն չի տալիս փայլել մնացած աստղերի պես, իսկ Սերխիոյի աշխատավարձը մեծապես զիջում է այդ նույն աստղերի աշխատավարձերին` համարվելով Բարսայում երրորդ կարգի:

Բացի դրանից՝ եթե նայենք Բարսայի կազմին, պարզ է դառնում, որ Ֆլորենտինոն այդքան էլ մեծ ընտրության հնարավորություն չունի: Մեսսիի, Չավիի, Ինյեստայի, Պույոլի և Պիկեի՝ թիմը լքելու մասին չարժե խոսել ընդհանրապես: Նրանք վաղուց ամբողջ աշխարհում խորհրդանշում են կապտանռնագույնը, և պետք է չափից դուրս արտառոց դեպք տեղի ունենա, որպեսզի նրանցից թեկուզ մեկը որոշի լքել Կատալոնիան: Մնում են Պեդրոյի, Վիլյայի և Բուսկետսի տարբերակները: Պեդրոն, թվում է, միայն Բարսայում կարող է իրեն դրսևորել, իսկ Դավիդ Վիլյան Մադրիդում, հնարավոր է՝ ավելի երկար ժամանակ անցկացնի պահեստայինների նստարանին, քան Բարսայում:

Մնում է Սերխիոյի տարբերակը, և չնայած նրա պայմանագրում նշված ահռելի փոխհատուցման համար նախատեսված 150 մլն €-ի՝ թվում է, որ Պերեսը պատրաստ է գնալ նման խելահեղ քայլի՝ հաշվի առնելով նաև այն, որ ամռանը Նեյմարը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի Բարսայում. ևս մեկ խաղացող, որի հարցում Պերեսը պարտվեց Ռոսելին:

Նախորդ հոդվածը‘Թալին-Գյումրի ճանապարհահատվածը բացվել է’
Հաջորդ հոդվածը‘Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհահատվածը բաց է ‘