‘
Մադրիդի «Ռեալը» մտադիր է ուժեղացնել թիմի կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Բրիտանական աղբյուրները հայտնում են, որ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի ուշադրության կենտրոնում են Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող 5 ֆուտբոլիստ:
Ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիներն իրենց խաղով չեն տպավորում այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մադրիդը 8 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային», թիմը անկայուն է խաղում նաև Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում, մասնավորապես, խմբային փուլի վերջին երկու խաղում հաղթանակ չի տարել, իսկ վերջին խաղում «Ուեմբլիում» պարտվել է Լոնդոնի «Տոտենհեմին»:
Ստեղծված իրավիճակում հարցերը շատացել են և շատերն են մեղադրում ակումբի մարզչական շտաբին ու ղեկավարությանն ամռանն իրականացրած տրանսֆերների հետ կապված: Առաջին հերթին խոսվում է այն մասին, որ ամռանը թիմից հեռացան Պեպեն, Խամես Ռոդրիգեսն ու Ալվարո Մորատան: Իսպանական լրատվամիջոցները իրենց հրապարակումներում անընդհատ ընգծում են այն հանգամանքը, որ մադրիդցիները պետք է թիմում պահեին Ալվարո Մորատային, որը Լոնդոն տեղափոխվելուց հետո արդյունավետ խաղ է ցույց տալիս «Չելսիի» կազմում, մինչդեռ Արքայական ակումբի հարձակման գիծը շարունակում է կաղել:
Այսօր շատ լրատվամիջոցներ հղում են անում Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերին, որ նա ասել է «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո:
— Նորեկները մեծ պոտենցիալ ունեն, բայց Պեպեն, Մորատան ու Խամեսը դարձրել էին մեզ ուժեղ, բայց նրանք, որոնք հիմա թիմում են, դեռ երիտասարդ են,- ասել էր Ռոնալդուն:
Ներկա պահին Մադրիդի «Ռեալում» իրենց վարպետությունն են թրծում իսպանական ֆուտբոլի երիտասարդ տաղանդներ Մարկո Ասենսիոն, Դանի Սեբալյոսն ու Մարկոս Լյորենտեն, սակայն մինչ այս պահը միայն Ասենսիոն է արդարացնում սպասելիքները: Ի դեպ, վերջինս կայուն խաղ էր ցույց տալիս անցած մրցաշրջանում, նույնն անում է նաև ընթացիկ մրցաշրջանում:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է քայլեր ձեռնարկել գալիք ձմռանն ու, համաձայն Diario Gol-ի, հնարավոր նորեկների ցուցակ է կազմել, որտեղ նշված է 10 ֆուտբոլիստի անուն:
Տասը խաղացողից հինգը ներկայացնում են Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները, որոնց պայմանագրերի ժամկետներն ավարտվում են գալիք ամռանը:
Խոսքն առաջին հերթին Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի մասին է, որը դեռ անցած ամռանը կարող էր լքել «Զինագործների» ճամբարը:
Չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին», սակայն տրանսֆերը չկայացավ: Հատկանշական է, որ Ալեքսիսը ցանկանում է խաղալ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ, որի հետ աշխատել է կատալոնական «Բարսելոնայում»:
Նշվում է, որ Ալեքսիսի Սանչեսն իր խաղաոճով կարող է մեծ օգուտ տալ «Սերուցքայիններին»: Չիլիացին կարող է գործել տարբեր դիրքերում և այդ առումով Զիդանը կարող է մի շարք բացեր փակել՝ կապված Գարեթ Բեյլի անընդհատ կրկնվող վնասվաքների, Կարիմ Բենզեմայի ոչ արդյունավետ խաղի հետ:
Հիշեցնենք, որ անցած ամռանը Մադրիդը ցանկանում էր ձեռք բերել ֆրանսիացի տաղանդ Կիլիան Մբապեին, սակայն վերջինս որոշեց կարիերան շարունակել «ՊՍԺ»-ում: Արդյունքում մադրիդցիները չկարողացան արժանի փոխարինող գտնել թիմից հեռացած Ալվարո Մորտային:
Մադրիդցիները դիտարկում են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Խուան Մատային և Անդրե Էրերային ձեռք բերելու տարբերակաները: Հիշեցնենք, որ Մատան Մադրիդի «Ռեալի» սան է:
Չնայած դրան Մատան վերջերս մերժել է շահավետ առաջարկը Չինաստանից, երջանիկ է Մանչեսթերում ու մտադիր է շարունակել մրցելույթները «Սև սատանաների» կազմում: Ինչ վերաբերում է Անդեր Էրերային, ապա ըստ լուրերի իսպանացին պատրաստվում է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը մանկունիանցիների հետ:
Խոսվում է նաև Զլատան Իբրահիմովիչի հնարավոր տրանսֆերի մասին, սակայն շվեդ ռմբարկուն ֆուտբոլ չի խաղացել անցած ապրիլից: Բացի դրանից, գալիք փետրվարին կլրանա նրա 33-ամյակը, իսկ ինքը բազմիցս է հայտարարել, որ անհամբեր սպասում է, թե երբ է կրկին խաղադաշտ դուրս գալու «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով: Իբրահիմովիչը հայտարարել է, որ նպատակն է հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգայում «Մանչեսթերի» կազմում մինչև «թաշակի անցնելը»: Նկատենք, որ Զլատանը կարիերայի ընթացքում հասցրել է դառնալ Իտալիայի, Իսպանիայի ու Ֆրանսիայի չեմպիոն:
Մյուս ֆուտբոլիստը, որի ծառայություններով հետաքրքրված է Իսպանիայի գործող չեմպիոնը՝ Էմեր Չանն է: Ճիշտ է, վերջին շրջանում Գերմանիայի հավաքականի խաղացողի անունն ավելի շատ կապում են Թուրինի «Յուվենտուսի» հետ: Նշվում է, որ խաղացողը կարիերան կարող է շարունակել Իտալիայում, եթե չկարողանա ընդհանուր հայտարարի գալ «Լիվերպուլի» հետ նոր պայմանագրի հարցում:
Նշված խաղացողների հետ բանակցությունները կարող են սկսվել հունվարի 1-ից: Հետաքրքիրն այն է, որ մադրիդցիները հիմնականում հետաքրքրված են այն խաղացողներով, որոնք կարող են խաղալ ինչպես կիսապաշտպանությունում, այնպես էլ ավելի հետ քաշված: Սա պայմանավորված է նրանով, որ «Ռեալ Սոսիեդադից» վերադառնալուց հետո Մարկոս Լյորենտեին ոչ մի կերպ չի հաջողվում ամրապնդվել Զինեդին Զիդանի գլխավորած թիմի կազմում:
Հարկ է նշել, որ «Լիվերպուլն» ու էմրե Չանը նոր պայմանագրի շուրջ բանակցում են մեկ տարուց ավելի և մեծ է հավանականությունը, որ եթե ոչ գալիք ձմռանը, ապա ամռանն նա կհեռանա «Էնֆիլդից»:
Հավելենք, որ Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում են նաև Գելզենկիրխենի «Շալկե 04»-ի կիսապաշտպան Լեոն Գորեցկան, Հռոմի «Լացիոյի» պաշտպան Ստեֆան Դե Վրեյը, Բիլբաոյի «Ատլետիկոյի» դարպասապահ Կեպան, ինչպես նաև Մադրիդի «Ատլետիկոյի» խաղացողներ Լուկաս Էրնանդեսն ու Խոսե Խիմենեսը:
‘