‘Պերմյակովը հայկական կողմին հանձնման ենթակա չէ. ՌԴ դատախազություն’

1410

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար կասկածվող Վալերի Պերմյակովը չի կարող հանձնվել հայկական կողմին, քանի որ Ռուսաստանի քաղաքացի է: Այդ մասին ասվում է Ռուսաստանի գլխավոր դատախազության` «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղարկված պատասխան նամակում: Հունվարի 20-ին Փոստանջյանը բաց նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային, որում պահանջել էր Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնել Վալերի Պերմյակովին:

Հիշեցնենք, որ Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցի մասնակիցների պահանջով փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նամակ էր հղել Ռուսաստանի իր պաշտոնակից Յուրի Չայկային՝ իր խոսքով՝ խնդրելով սպանության գործի քննությունը հանձնել Հայաստանին: Մինչդեռ Գյումրիում Կոստանյանը «տղամարդավարի խոսք էր տվել» ՌԴ գլխավոր դատախազին դիմել կոնկրետ՝ Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով: Դատախազությունը սեփական նամակի բովանդակությունը չի հրապարակել՝ պատճառաբանելով, թե «դրանում առկա են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»:

Ուշագրավ է նաեւ, որ ՌԴ դատախազությունը Կոստանյանի նամակին արձագանքել է փետրվարի 20-ին՝ նշելով, որ դիմումը քննվում է, սակայն ՀՀ Դատախազությունը այս արձագանքը հրապարակել է միայն փետրվարի 24-ին: Ընդ որում՝ նամակից երեւում էր, որ ռուսական կողմի նամակը Երեւան է հասել ընդամենը մեկ օրում, իսկ ահա հայկական կողմի նամակի ոչ միայն բովանդակությունն է անհայտ, այլեւ այն, թե երբ է այն տեղ հասել. ամեն դեպքում՝ առնվազն երկու շաբաթ այն չէր հասնում ու չէր հասնում:

Փաստորեն, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակին ՌԴ դատախազությունն արդեն հասցրել է, թեկուզ բացասական, պատասխան ուղարկել, սակայն ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված պատասխանը դեռեւս, չգիտես ինչու՝ ուշանում է: Բացառված չէ, որ ՌԴ դատախազությունը Կոստանյանի դիմումին եւս պատասխանել է, սակայն, ինչպես երեւում է Փոստանջյանին հասցեագրված նամակից, պատասխանը ակնհայտորեն բացասական է եղել, եւ ՀՀ դատախազությունը որոշել է չհրապարակել այն, ինչպես իր նամակը չի հրապարակել:   Առավելեւս, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի պատասխան նամակի հրապարակումից կարող է պարզ դառնալ, որ Կոստանյանն ամենեւին էլ չի պահել իր տված խոստումը եւ իր պաշտոնակցին ուղղված դիմումի մեջ անորոշ պահանջ է ձեւակերպել:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը մինչ օրս գտնվում է ռազմակայանում: Օրերս ռուսաստանյան մամուլը գրեց, որ, հնարավոր է՝ Պերմյակովին դատեն ոչ թե Երեւանի կայազորային դատարանում, այլ Դոնի Ռոստովում: 

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2.2 մլն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Երկրպագուները կարծում են՝ Ռոնալդուն, Բենզեման և Բեյլը չպետք է միասին խաղադաշտ դուրս գան’