‘Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել, նրա մեղադրանքը խստացվել է, իսկ հայ իրավապահները չկան’

1334

Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատահոգեբուժական փորձաքննությամբ մեղսունակ է ճանաչվել: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին:

Աղբյուրը հայտնել է, որ ռուսաստանցի զինծառայողը լիովին գիտակցել է իր գործողությունները հանցագործություն կատարելու պահին, թեև նրա մոտ առկա են եղել որոշ հոգեբանական շեղումներ:

Աղբյուրը նշել է, որ եթե Վ. Պերմյակովը անմեղսունակ ճանաչվեր, ապա կազատվեր պատասխանատվությունից, իսկ այժմ նրան մեղադրանք առաջադրելու բոլոր հիմքերը կան:

Իր հերթին «Կոմերսանտը» հայտնում է, որ երեկ 5-րդ կայազորային ռազմական դատարանի արտագնա նիստում, որը տեղի է ունեցել Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում,  երկարաձգվել է Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանդն իրականացրած՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը: Միաժամանակ խստացվել է Պերմյակովին առաջադրված մեղադրանքը: Մինչ այժմ ռուսաստանցի զինծառայողին առաջադրված երկու հոդվածներով մեղադրանքին (2 և ավելի անձանց սպանություն, ինչպես նաև դասալքություն իրեն վստահված զենքով) ավելացել է ևս երկու հոդված՝ անօգնական վիճակում գտնվող անչափահասի կամ այլ անձի սպանություն և զենքի անօրինական շրջանառության և դրա գողության մեղադրանք է առաջադրվել (Ռուսաստանի ՔՕ մաս 1, հոդված 222 և մաս 3, հոդված 226):

Առաջադրված մեղադրանքներով Պերմյակովին ցմահ ազատազրկում է  սպառնում:

Նշենք նաև, որ Ավետիսյանների սպանության գործով նախաքննությանը հայաստանցի իրավապահները, կարծես թե, ոչ մի կերպ չեն մասնակցում: Նույնիսկ անպատասխան է մնացել Հայաստանի գլխավոր դատախազի նամակը իր ռուսաստանցի գործընկերոջը:

Նախորդ հոդվածը‘Մաքսային միության կանոնակարգերի պահպանումը կվերահսկվի’
Հաջորդ հոդվածը‘Մանուկյան. Գազի հանձնաժողովը ձախողեց, որովհետեւ Սերժ Սարգսյանը հրահանգել էր «նախկիններին չկպնել» (տեսանյութ)’