Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, երբ նշանակվեն արտահերթ ընտրություններ։
«Ես կհեռանամ, երբ դուք, պարոնայք կոնգրեսականներ, քվեարկեք, և գործադիր իշխանությունը նշանակի համապետական ընտրություններ։ Ես չեմ ուզում ու մտադիր չեմ մնալ նախագահի պաշտոնում ավելի երկար, քան սահմանված է ընտրությունների արդյունքներով»,- ասել է նա։
Բոլուարտեն նշել է, որ առանց այդ պայմանների կատարման՝ ինքը հրաժարական չի տա, ինչպես դա պահանջում են ցուցարարները, քանի որ դեպքերի նման զարգացումը կհանգեցնի «անիշխանության և ճգնաժամային» իրավիճակի, ինչը շատ բարենպաստ կլինի ապօրինի գործունեությամբ, օրինակ՝ մաքսանենգությամբ և թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող շրջանակների համար։
2022 թ․ դեկտեմբերի 7-ին իշխանությունից պետության ղեկավար Պեդրո Կաստիլյոյին հեռացնելուց հետո Պերուում բողոքի ցույցեր են սկսվել։ Ցուցարարները պահանջում են Բոլուարտեի հրաժարականը, խորհրդարանի լուծարում և նոր ընտրությունների անցկացում։ Ծայր առած անկարգությունների ընթացքում մինչև օրս զոհվել է 50-ից ավելի մարդ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։
Փոխանցում է tass.ru-ն։