Պեդրո Կաստիլյոն, որը ներկայացնում է «Ազատ Պերու» ձախ-արմատական կուսակցությունը, կդառնա Պերուի նոր նախագահը, հաղորդել է այդ երկրի ԿԸՀ-ն։
Կաստիլյոյի օգտին քվեարկել է ընտրողների 50 %-ից քիչ ավելին, աջակողմյան թևից նրա մրցակցուհու՝ Կեյկո Ֆուհիմորիի օգտին՝ կես տոկոսով պակաս։
Ֆուհիմորին երկրորդ փուլից հետո մի քանի շաբաթ շարունակ փորձել է բողոքարկել ընտրությունների արդյունքները, սակայն հետո ընդունել է պարտությունը։
Կաստիլյոն՝ նախկինում լայն հանրությանը քիչ հայտնի՝ գյուղական դպրոցի ուսուցիչը և արհմիութենական ակտիվիստը, պաշտոնը կստաձնի հուլիսի 28-ին։ Նա խոստացել է ազգային կառավարություն ձևավորել և կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել է գերակա նպատակ։ Նոր առաջնորդը ծրագրում է մեծացնել հատկացումները առողջապահությանը և կրթությանը, բարձրացնել լեռնարդյունաբերական բիզնեսի հարկերը և վերականգնել մահապատիժը։
Միևնույն ժամանակ՝ Կաստիլյոն հայտարարում է, որ հավատարիմ է ժողովրդավարությանը և չի ընդունում «արտասահմանից պարտադրված զարգացման մոդելները»։
Փոխանցում է euronews-ը։