‘Պիկասոյի, Շագալի, Դալիի եւ այլոց աշխատանքները կցուցադրվեն Երեւանում’

1687

Հայ եւ արտասահմանցի հռչակավոր վարպետնեի աշխատանքները կներկայացվեն «Գալա Արտ» ցուցասրահում օգոստոսի 1-ին բացվող  ցուցահանդեսում, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Ցուցասրահի տնօրեն  Ավետիս Բերբերյանի խոսքով, ցուցահանդեսում կներկայացվեն Պաբլո Պիկասոյի, Մարկ Շագալի, Սալվադոր Դալիի, Անրի Մատիսի, Ժան Միրոնի, Գառզուի կտավների լիտոգրաֆիական տարբերակները:

«Ցուցահանդեսը ներկայացվելիք աշխատանքների բացառիկությամբ արդեն մեծ արձագանք է գտել արվեստասեր հանրության եւ կոլեկցիոներների շրջանում»,- ասաց Բերբերյանը: Նրա խոսքով` նորաբաց ցուցահանդեսը հնարավորություն կտա հանրությանը հաղորդակից դառնալ անվանի նկարիչների ստեղծագործություններին, որոնք առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում եւ ձեռք են բերվել արտերկրից:

«Հռչակավոր վարպետները» խորագրով ցուցահանդեսում, բացի արտասահմանցի հեղինակներից, ներկայացված կլինեն նաեւ հայ նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Հարություն Կալենցի, Մինաս Ավետիսյանի կտավները:

Անվանի հեղինակների ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների թվում են Սալվադոր Դալիի` 1943 թվականի «Նավը», Շագալի` 1972 թվականի «Գարնանային օր», Մատիսի` 1942 թվականի «Պարուհին նստծ աթոռին», Պիկասոյի` 1967 թվականի «Սերենադա» եւ Միրոնի` 1980 թվականի 14 մասից բաղկացած  «Մեղեդի» շարքից մեկ լիտոգրաֆիա:

«Գալա Արտ» ցուցասրահը բացվել է 2012 թվականի հոկտեմբերին` գրող Նուշիկ Միքայելյան եւ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյան ամուսինների նախաձեռնությամբ: Ցուցասրահը գտնվում է Երեւանի Բայրոնի-12 հասցեում: «Հռչակավոր վարպետները» ցուցահանդեսի մուտքն ազատ է, այն բաց կլինի այցելուների համար մինչ օգոստոսի 30-ը: 

Նախորդ հոդվածը‘ԱՎԾ-ն հրապարակել է նախագահական ընտրությունները կեղծելու մեխանիզմներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Հիմնական բնազդ, կամ՝ Թույլ տվեք առարկել, պարոն Ֆրեյդ’