‘ՊՆ. «Եհովայի վկաները» նախընտրում են ազատազրկումը’

647

Վերջին մի քանի տարիներին «Եհովայի վկաները» բանակ զորակոչվելուց նախընտրում են ազատազրկումը: ««Եհովայի վկաների» վրա տարածվում է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, քանի որ նրանց դավանանքը թույլ չի տալիս զենք-զինամթերք կրել, սակայն վերջին տարիներին նրանք խուսափում են նաև զինծառայության այս տեսակից` նախընտրելով ազատազրկումը»,-«Արմենպրեսի»ի հետ զրույցում ասել է ՊՆ իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը: Նա նշեց, որ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը տարածվում է միայն Եհովայի վկաների վրա, իսկ մյուս աղանդների ներկայացուցիչների հետ խնդիրներ չկան: Նա նաև տեղեկացրել է, որ այս պահին օրենքից օգտվողներ չկան, ինչը վկայում է օրենքի անկատարության մասին: «Իհարկե ցավալի է, բայց փաստ, որ օրենքը կարծես միայն թղթի վրա մնացած լինի, քանի որ այն մարդիկ, որոնց վրա դա տարածվում է, խուսափում են օրենքից` նախընտրելով 5-6 տարվա ազատազրկումը»,- նշել է Սեդրակ Սեդրակյանը: Նա նաև տեղեկացրել է, որ օրենքում փոփոխություններ են սպասվում, սակայն թե ինչպիսին կլինեն դրանք, առայժմ չի հստակեցվում. դեռևս քննարկման փուլում են:

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2004թ. հուլիսի 1-ից: Օրենքի համաձայն` Հայաստանի այն քաղաքացիները, որոնք, օրինակ, կրոնական համոզմունքներով խուսափում են զենք կրել, պետք է դիմեն զինկոմիսարիատներ, որպեսզի ստանան 3 տարվա այլընտրանքային ծառայության կամ 3,5 տարվա այլընտրանքային աշխատանքի իրավունք: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջարկել է օրենքում փոփոխություն կատարել, որով այլընտրանքային զինծառայություն անցած քաղաքացիները զինվորական գրքույկ կստանան:

Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հայաստանցի 17 Եհովայի վկաների հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և պարտավորեցրել է պետությանը նրանցից յուրաքանչյուրին վճարել 6.000 եվրո և բոլորին միասին 10 հազար եվրո՝ դատական ծախսերը հոգալու համար: 2004 թվականին 19 Եհովայի վկաներ դիմել են իշխանություններին և «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի պահանջով զինվորական ծառայության փոխարեն անցել են այլընտրանքային ծառայության հիվանդանոցներում, տուն-ինտերնատներում: Հետագայում նրանք հրաժարվել են այլընտրանքային ծառայությունից, լքել են ծառայության վայրերը, որի համար 19 Եհովայի վկաների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք: Քրեական հետապնդում է սկսվել:

Նախորդ հոդվածը‘Արևմտյան Վրաստանում ավտովթարի հետևանքով 7 մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Ջոզեֆ Դանֆորդը հաստատվել է Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատարի պաշտոնում’