‘
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր եւս մեկ անգամ հանդիպել է Երեւանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչին, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Տիկին Ռանկովիչը տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի դառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը: Շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար՝ Տոնոյանն իր հերթին ԿԽՄԿ ներկայացուցիչին հայտնել է, որ ՀՀ -ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն է հայտնել վերադառնալ Ադրբեջան:
Ֆարաջևը նաև շուտափույտ հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջևին: Տրամադրված տեղեկությունը ԿԽՄԿ-ի կողմից ի գիտություն է ընդունվել:
‘