‘ՊՆ. Հայաստանում կարող է ռադիոլոկացիոն կայան կառուցվել ‘

943

Հայաստանում կարող է ռուսաստանյան ռադիոլոկացիոն կայան կառուցվել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Իհարկե չեմ բացառում, քանի որ հայ-ռուսական համագործակցությունը ինչպես հայտնի է, բարձր մակարդակի վրա է», -նշել է Հովհաննիսյանը: 

Նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ սպառվել է Ռուսաստանի հետ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման մասին պայմանագրի ժամկետը, եւ Մոսկվան հասկացրել է, որ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը: Պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանը կարող էր շահագործել կայանը մինչեւ այս տարվա դեկտեմբերի 9-ը:

Ռուսաստանի համար ռազմաքաղաքական նշանակություն ունեցող կայանի ծածկույթը շուրջ 8000 կմ է. սա նշանակում է, որ Գաբալայի կայանի տեսադաշտում են ամբողջությամբ գտնվում Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Հնդկաստանի եւ Մերձավոր Արեւելքի բոլոր պետությունների տարածքները:

Անցյալ տարի հայտնի դարձավ, որ կայանի շահագործումը երկարաձգելու համար Ադրբեջանը մինչեւ այդ Ռուսաստանի կողմից տարեկան վճարվող 7 միլին դոլարի փոխարեն 300 միլիոն դոլար է պահանջում, ինչն էլ կայանի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառն է:

Այս տարվա ապրիլին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանը պատրաստ է քննարկել նման կայան իր տարածքում կառուցելու հարցը: Նա անգամ շեշտել էր, որ Հայաստանում այն կառուցելը ավելի ձեռնտու կլինի, քանի որ մեր երկիրը լեռնային է, եւ կայանի ծածկույթը կարող է ավելի լայն լինել:

Հայաստանի վարչապետի այս հայտարարությունն անելու ժամանակ ռուս-ադրբեջանական բանակցությունները դեռեւս ընթանում էին, մինչդեռ հիմա դրանք փաստացի տապալվել են:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով առաջատար է ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիացիները կարող են ոստիկանությանը տեղեկություն տրամադրել Facebook-ի միջոցով ‘