‘ՊՆ. Վնասազերծված դիվերսիոն խմբի նկատմամբ կիրականացվի քրեական հետապնդում’

1140

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը՝ վերջերս ադրբեջանական կողմի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության դիվերսիոն խմբի գերեվարված անդամների մասին:

Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից, միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ:

Տվյալ պարագայում դա անհնարին է, քանզի Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն անձանց, որոնց կարող է տրվել ռազմագերու կարգավիճակ: 

Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որևիցէ տարբերանշան և կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ: 

Վնասազերծված դիվերսիոն խմբի հանցավոր գործունեության համար` պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն և սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր և այլն, քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ: Ուստի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով` արդար դատաքննության և Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ:

Անհրաժեշտության դեպքում նշված անհերքելի ապացույցները կարող են ներկայացվել շահագրգիռ միջազգային կառույցներին:

Նախորդ հոդվածը‘Հետաքրքիր թվեր և փաստեր ԱԱ-2014-ի եզրափակչի մասին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’