‘ՊՆ փոխնախարարը ընդունել է ԱՄՆ դեսպանին ու ամերիկյան զինվորականների խումբը’

675

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ՀՀ պաշտպանության նախարարությունում «ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցության հայտերի ներկայացումը և վարչական աջակցությունը» թեմայով աշխատաժողովն անցկացնող ՄԱԿ-ի և Կանզասի ազգային գվարդիայի փորձագիտական խմբին, տեղելացնում է ՊՆ լրատվական ծառայությունը: 

Նշված աշխատաժողովն անցկացվում է ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության գործընթացին, խաղաղապահ առաքելության և նախատեղակայման ուղեցույցին, պահանջներին  և այլն:

ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրին ՀՀ անդամակցությունը հաստատվել է 2013թ.-ին և նշված ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայկական կողմին խաղաղապահ կարողությունների զարգացման և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությունների ներգրավման գործընթացում:         

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հովանո ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին հայկական կողմի մասնակցության և «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա նախագծերը:

Նախորդ հոդվածը‘Բաքվի «Շեհիդների պուրակում» շիրիմ են պղծել’
Հաջորդ հոդվածը‘Երևանի քաղաքապետարանին պատկանող ընկերությունում հափշտակվել է 300 մլն դրամ. Փաստինֆո’