‘«Պոեզիայի թատրոնը» մնաց դատարկ. Վլադիմիր Աբաջյանին վերջին հրաժեշտը տվեցին (ֆոտոշարք)’

909

Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյան…

հայ գրականության մեծագույն պրոպագանդող,

անփոխարինելի մարդ, ասմունքի մեծ վարպետ,

վառ կերպար, բեմի առյուծ, պոեզիայի արքա:

Այս գնահատականները կարող ենք շարունակել, քանի որ նրա ընկերները միայն նման որակումներով էին «համեմում» իրենց հիշողությունները վարպետի մասին: Որակումներ, որոնք, իհարկե, շռայլություն չէր կամ զուտ խոսքեր, այլ իսկական վարպետին տրվող իսկական գնահատականներ:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն, արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը Panorama.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ վարպետի մահը մեծ կորուստ էր հայ ժողովրդի համար, քանի որ այն դաշտը, որտեղ նա կար, երկար ժամանակ բաց է մնալու:

«Բացառիկ ձայնի տեր, բացառիկ հայրենասեր անձ, ով զարմանալիորեն համեստ էր, իր խոսքերից մեկում ասում էր` ես ինչ որ բան անում եմ, բայց ինձ ոգևորողը ժողովուրդն է, ժողովուրդն է ինձ տալիս սնունդ: Իզուր չէ, որ նրա մասին ասում են բանաստեղծության, պոեզիայի արքա»,- նշեց նա:

Ն. Շահնազարյանի խոսքով, Վ. Աբաջյանը յուրատեսակ էջ բացեց հայ պոեզիայի, ասմունքի ասպարեզում. «Իմ կարծիքով` պոեզիայի թատրոն ստեղծեց` առանց ֆիքսելու գրավոր որևէ տեղ, բանավոր, այդպես ինքն իր գործունեությամբ ստեղծեց պոեզիայի թատրոն, որի և ռեժիսորն էր, և բեմադրիչը, և երաժշտական ձևավորողը, և դերասանը»:

Աբաջյանը եղել է աշխարհի այն բոլոր երկրներում, որտեղ հայ համայքն է գործել: Ամենուր նրան հոտնկայս ու ծափողջուններով էին ընդունում ու բաց թողնում: «Սուրեն Քոչարյանից հետո այդ դաշտը արքայավել վերցրեց իր ձեռքը ու գնաց մինչ վերջ` ոչինչ չակնկալելով, ոչ մի բանի չսպասելով: Իր գնահատականը միայն չափում էր ժողովրդի սիրով, ժողովրդի վերաբերմունքով»,-ասաց թատրոնի փոխտնօրենը: «Բացարձակ չէր սիրում չարախոսել, բամբասել, մաքուր, զուլալ, ազնիվ մարդ էր, ուղղակի` մեծություն: Խոսքի տեր մարդ էր. եթե մի բան ասում էր, անպայման անում էր»: Նա հիշեց մի պատմություն. «Վանաձորում համերգ ունեինք: Մեկ օր առաջ էինք գնալու, բայց Աբաջյանն ասաց, որ այդ օրը չի կարող գալ, հաջորդ օրն անպայման կգա ու ժամանակին կհասնի: Գիշերը շատ ուժեղ ձյուն եկավ, մեքենաները չէին կարողանում հասնել Վանաձոր: Մտածեցինք` վերջ, միջոցառումը տապալվեց: Հանկարծ ձների միջից հայտնվեց նա, հագնվեց-կապնվեց ու դուրս եկավ բեմ` արտիստին վայել տեսքով ու կեցվածքով: Տեսքը համահունչ էր ձայնին: Արտիստիկ էր»:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն էլ այն համոզմանն է, որ Աբաջյանի «տեղը բաց է մնալու»: «Ճիշտ է, ասում են անփոխարինելի մարդ չկա, բայց այս պարագայում, արի ու տես` կա»,- ասաց նա` հավելելով, որ հավասարապես սիրելի էր թե թատերական, թե գրական ընտանիքում: «Մեր շատ ու շատ դասականների կարոտը մենք նրանից էինք առնում, կապող օղակն էր Սևակի, Շիրազի, Սահյանի և մյուս մեծերի»,- ասաց Կ. Վարդանյանը:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ ցավով նշեց, որ կյանքից հեռացավ մշակույթի լավագույն գործիչներից, լավագույն դերասաններից մեկը, «մեր ռահվիրաններից մեկը». «Այդպիսի մարդիկ որ գնում են, շատ ժամանակ մտածում ես, որ լուրջ խնդիրներ ունենք, որպեսզի այդ մարդու տեղը գրավող նոր սերունդ կարողանանք աճեցնել: Չգիտեմ, այդ նիշը հնարավոր կլինի գրավել, թե ոչ»:

Դերասան Տիգրան Ներսիսիյանի հիշողության մեջ Վլադիմիր Աբաջյանը կմնա որպես «վառ կերպար, պայծառ դեպք»: «Նրան սիրում ու գնահատում են: Մենք դեռ երկար կհիշենք նրան ու կփափագենք, որպեսզի ևս ունենանք այդպիսի մի արվեսագետ, որին այդպես սիրում էր ժողովուրդը»,- իր խոսքում ասաց դերասանը:

Դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արթուր Ութմազյանն էլ հիշեց. «1966 թվականին Սուդուկյանի թատրոնը Բեյրութից վերադարձավ հյուրախաղերից: Վլադիմիր Աբաջյանը հանդես էր եկել Նարեկացու կատարումներով: Նրան անվանել էին բեմի առյուծ»:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ հիշելով վարպետին, ասաց, որ նա լուսավոր անձնավորություն էր ու կարծում է, որ դեռ երկար ժամանակ կհիշենք նրան. «Եվ ամեն անգամ հիշելով, մի որոշակի լույս կիջնի հիշողների վրա»:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն այսօր անսովոր մարդաշատ էր` արվեստագետներ, մշակույթի գործիչներ, ուղղակի հասարակ մարդիկ: Նրանք եկել էին վերջին հրաժեշտ տալու «պոեզիայի արքային»:

Նախորդ հոդվածը‘«Լամբադա» կամրջի տակ հայտնաբերվել է դի ‘
Հաջորդ հոդվածը‘Սոկոլով – Արոնյան, Անանդ – Կառլսեն. Ուղիղ’