‘Պոզների օրենքը չի մտնի պետդումայի օրակարգ’

913

Կիրակնօրյա «Պոզներ» հաղորդման ժամանակ հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները ներողություն է խնդրել խորհրդարանականներից, որից հետո վերջիններս որոշում են կայացրել պետդումա չներկայացնել մի օրինագիծ, որը սահմանափակելու էր պետական հեռուստաալիքներում աշխատելու իրավունքն այն լրագրողների համար, ովքեր արտասահմանյան քաղաքացիություն ունեն: Այս մասին  РИА Новости-ին երկուշաբթի տեղեկացրել է այդ նախաձեռնության հեղինակներից մեկը՝ ազգությունների գծով դումայի հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Ստարշինովը: «Հաղորդումներից մեկի ժամանակ ես լեզվի սայթաքում թույլ տվեցի և ներողություն խնդրեցի, անկեղծորեն ցավում եմ այդ սայթաքման համար ու կրկին ներողություն եմ խնդրում: Եւ բացառապես՝ այդ սայթաքման համար»,- ասել է Պոզները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին, հեռուստաեթերից  մեկնաբանելով ռուսաստանցի երեխաների որդեգրումն արգելելու վերաբերյալ օրենքը, Պոզները պետական դուման անվանել էր «պետական դուրա (հիմար)», սակայն անմիջապես էլ ներողություն էր խնդրել ու ասել, որ դա լեզվի սայթաքում էր: Դրանից հետո  դումայի բոլոր ֆրակցիաները ներկայացնող չորս պատգամավորներ նամակ էին հղել հեռուստալրագրողին, որտեղ քննադատել էին եռակի քաղաքացիություն ունեցող Պոզների խոսքերը  պետդումայի հասցեին և կարծիք հայտնել, որ այդ խոսքերը «վիրավորում են ռուսաստանյան խորհրդարանը» և «վարկաբեկում պետական իշխանությանը»: Բացի այդ, պետդումայի բոլոր խմբավորումների պատգամավորները հայտարարել էին, որ մտադիր են մշակել մի օրինագիծ՝այսպես կոչված՝ «Պոզների օրենք», որը Ռուսաստանը վարկաբեկող արտասահմանցիներին կարգելի աշխատել պետական ԶԼՄ-ներում:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի’
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը փակ է Վայոց Ձորի մարզի հատվածից’