‘Պոլսեցի լրագրողն ու GALLUP-ը’

1025

Հայաստանում մնա՞ց մեկ մարդ, որ Gallup կազմակերպության վերջին հայտարարությունից հետո էլ հավատում է նրա անկեղծությանը կամ պրոֆեսիոնալիզմին: Հիմա արդեն վերջնականապես հասկանալի է, որ Gallup կոչված այս ՍՊԸ-ն կամ, ինչպես ասում են, սրա hայաստանյան գրասենյակը, թվանկարչական մի խմբակ է, որն ուղղակի փորձում է կեղծ պատկերների միջոցով ապակողմնորոշել մեր հասարակությանը: Օրերս հրապարակված թվերը դրա վառ վկայությունն են:

Մի կողմ թողնելով մյուսներին, որոնց, իբր, հարցվածների մի չնչին տոկոսն է տեսնում քաղաքապետի պաշտոնում, երկու խոսք ասենք Տարոն Մարգարյանի մասին, ում հաղթանակը Gallup-ը 60 տոկոս է գնահատել: Համենայնդեպս, ըստ Gallup-ի, հարցվածների (1060 մարդ) 60 տոկոսը նրան է ուզում տեսնել քաղաքապետի պաշտոնում: Այս խայտառակ թիվը հնչեցնելուց հետո Gallup-ի ներկայացուցիչը շտապել էր արդարանալ՝  հարցվածները գնահատել են ոչ թե այն քաղաքական ուժին, որը ներկայացնում է Տարոն Մարգարյանը, ոչ թե քաղաքական գործիչ Տարոն Մարգարյանին, այլ, իր բառով՝ «хозяственник» Տարոն արգարյանին: Փաստորեն, մեր քաղաքացիները դեռ այն մակարդակին են մնացել, որ քաղաքապետը, առավել ևս մայրաքաղաքապետը պետք է լավ փողոց մաքրող լինի, աղբ թափող, վառված լամփուշկա փոխող, ինչպես դպրոցի լավ տնտեսվարը, ով ձեռքի հետ էլ տիրություն է անում, որ դպրոցի պահակը չքնի պոստի վրա: Սրա՞նք են քաղաքապետի, տվյալ դեպքում լավ քաղաքապետի բնորոշիչները, որոնցով նա 60 տոկոս է խփելու:

Մեր կարծիքով, սակայն, Gallup-ն այս պրիմիտիվ հնարքով ուղղակի փորձ է անում հասարակությունից թաքցնել կամ նրա աչքից հեռու պահել այն հսկայական քաղաքական նշանակությունը, որ ունի Երևանը Հայաստանի, ինչու չէ՝ նաև ողջ հայության համար: Ասես պատահաբար, Էդուարդ Շարմազանովն էլ մի առիթով ասել էր՝ Երևանի ընտրություններն այնպիսի ընտրություններ են, որոնք կապ չունեն ոչ Ղարաբաղի հարցի, ոչ հայ-թուրքական պրոտոկոլների հետ: Ուզում է ասել՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հեշտ չի լինի իշխանություններին ու նրանց վարած քաղաքականությունը քննադատել: Ծիծաղելի է իհարկե, բայց կա՞ արդյոք մի ոլորտ, որտեղ իշխանությունը հաջողել է և հաջողել է այնպես, որ հնարավոր չէ նրան, ինչպես հարկն է, դեմ տալ պատին:

Մենք պարոն Շարմազանովին պարզապես կխնդրեինք Ամիրյան փողոցի աջ մայթով հրապարակից քայլել դեպի Մաշտոցի պողոտա և նայել դիմացի մայթի շենքերի տանիքներին: Այն, ինչ կտեսնի ՀՀԿ խոսնակը, միանշանակ է, ՀՀԿ-ի և ՀՀԿ-ական քաղաքապետների ձեռագիրն է: Դա, հասկանալի է, Արցախի հարցի և Գյուլին Երևան հրավիրելու հետ կապ չունի, բայց, Շարմազանովն էլ կհամոզվի, պակաս այլանդակություն չէ, քան Գյուլին Երևանում պատիվների արժանացնելը:

Եվ ապա, եթե Երևանի քաղաքապետը «хозяственник»-ի պաշտոն է ընդամենը, կարո՞ղ են Gallup-ն ու Շարմազանովը մեզ բացատրել, թե ինչու է ՀՀԿ-ն ամեն անգամ գլուխ ջարդում, որ բացարձակ մեծամասնություն կազմի Երևանի ավագանիում և ինքը նշանակի քաղաքապետին: Օրինակ՝ ի՞նչ պակաս քաղաքապետ կլինեն կամ, ավելի ճիշտ, ի՞նչ պակաս «хозяственник» են Գագիկ Ծառուկյանը՝ հաջողակ գործարարի իր համբավով, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ազնիվ սփյուռքահայի իր կերպարով, Հրանտ Բագրատյանը՝ իր 100 քայլով, որի առնվազն 50-ը կարելի է Երևանում կատարել, և այլն, և այլն:

 Ո՞վ է լավ «хозяственник»-ը, վերջապես, եթե ոչ նա, ով կարողանում է, քիչ միջոցներ վատնելով, շատ գործ անել: Տարոն Մարգարյանի պարագայում, կարծում ենք, այս մասին նույնիսկ խոսք լինել չի կարող, որովհետև նա ծախսելիս մասշտաբային է, իսկ արդյունքների գծով՝ խիստ համեստ: Ամանորի զարդարանքները Երևանը դարձրել էին չինական պրովինցիայի գյուղաքաղաք, և միայն ես չէ, որ ասում եմ այդ մասին: Կարելի է հիշել նաև գործող «хозяственник»-ի շատ այլ «հաջողություններ» ևս, բայց, ինչպես տեսնում եք, դա չէ մեր այսօրվա նյութի թեման:

 Եվ, ուրեմն, ինչո՞ւ է Gallup-ն ինքնագլուխ խախտում իր գործունեության շրջանակները և սոցիոլոգիական հարցումից դուրս նաև քարոզչություն անում իշխանությունների օգտին՝ կանխակալ տրամադրություններ ստեղծելով ընտրություններից առաջ: Ու նաև հարց է, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ Gallup-ի ու ՀՀԿ-ի կարծիքները նույնացել են այն հարցում, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները Քոլագերան գյուղի ընտրություններից շատ էլ չեն տարբերվում, ու ընդդիմությունը հնարավորություն չունի քաղաքական քննադատություն ուղղել իշխանություններին և նրանց թեկնածուներին:

 Դժվար չէ գլխի ընկնել, իհարկե, բայց մի պատմություն մեզ ավելի կօգնի այդ հարցում: Աբիսողոմ աղան, համապատասխան վճարի դիմաց, ցանկանում է, որ պոլսեցի լրագրողն իր ապագա ակնարկի մեջ, ի թիվս աղայի մյուս բարեմասնությունների, գրի նաև նրա ունեցած ավանակների, խոզերի և ագարակների մասին: Gallup-ը, ինչպես տեսնում ենք, ջանք չի խնայել:

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ»

Նախորդ հոդվածը‘Արթուր Սարկիսով. Հաճելի էր տեսնել տրիբունաներում հայ երկրպագուների’
Հաջորդ հոդվածը‘Ճամբարակցի Սահակ Սահակյանի բուծած ջայլամները լիովին ընտելացել են տեղանքին’