‘
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն ազդարարել է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու հրամանի մասին, տեղեկացնում է Reuters-ը:
Պոռոշենկոն նշել է, որ խաղաղության փուլային ծրագիրը կստորագրվի հինգշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, Ուկրաինայի հարցով Մինսկում կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ: Համապատասխան հրամանը կարձակվի նույն օրը, ժամը 15.00-ին (Մոսկվայի ժամանակով): Ուկրաինայի նախագահն այս հայտարարությունն արել է այս օրերին Ուելսում անցկացվող՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Նախօրեին Պյոտր Պոռոշենկոյի մամլո ծառայությունը տեղեկացրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների արդյունքում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին: «Ձեռք է բերվել փոխըմբռնում՝ այն քայլերի ուղղությամբ, որոնք կնպաստեն խաղաղության հաստատմանը»,- ասվում էր Ուկրաինայի ղեկավարի կայքում: Փոխանցում է lenta.ru-ն:
‘