‘Պոռոշենկոն լուծարել է Ուկրաինայի խորհրդարանը’

1279

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն որոշում է կայացրել ժամկետից շուտ լուծարել Գերագույն ռադան:

«Թանկագին հայրենակիցներ: Ես որոշել եմ ժամկետից շուտ դադարեցնել յոթներորդ գումարման Գերագույն ռադայի լիազորությունները»,- ասվում է Ուկրաինայի նախագահի՝ Twitter-ում ուկրաիներեն և անգլերեն հրապարակված հաղորդագրության մեջ:

Նախագահի պաշտոնական կայքում տեղադրված ուղերձում նշվում է, որ հուլիսին խորհրդարանական կոալիցիան, որի մեջ մտնում էին «Բատկիվշչինա», «УДАР» և «Ազատություն» պատգամավորական խմբակցությունները, լուծարվեց, իսկ նոր դաշինք մեկ ամսվա ընթացքում այդպես էլ չձևավորվեց, ուստի Պոռոշենկոն օգտվել է Գերագույն ռադան արձակելու իր իրավունքից:

 Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ընտրությունները լյուստրացիայի լավագույն միջոցն են, իսկ դա «պետք է սկսել բարձրագույն օրենսդիր մարմնից»: Նախագահը հայտարարել է, որ գործող ռադայի որոշ պատգամավորներ հանդիսանում են «անջատական գրոհայինների եթե ոչ բացահայտ հովանավորներն ու դաշնակիցները, ապա առնվազն կողմնակիցները»: «Նույնիսկ մոբիլիզացիա հայտարարելու և ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու հարցում հազիվ 232 ձայն «հավաքեցինք»: Ընդհանուր առմամբ՝ Գերագույն ռադայի կազմը չի համապատասխանում ուկրաինական հասարակության քաղաքական տրամադրություններին: Հասարակությունն այնքան արագ  է փոխվում, որ պատգամավորները չեն հասնում նրա պատմական քայլերի ետևից»,- նշել է Պոռոշենկոն:

Ըստ նախագահի՝ 2012 թ. խորհրդարանական ընտրությունները չեն եղել «ո՛չ ազնիվ, ո՛չ ժողովրդավարական և ո՛չ էլ թափանցիկ» և չեն համապատասխանել եվրոպական չափորոշիչներին, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նա համարում է Դոնբասում խաղաղություն հաստատելու իր ծրագրի մի մասը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ամեն ինչ ճիշտ է` «սաքուլիկը» պե՛տք է պրոռեկտոր դառնար’