‘
Հունիսի 7-ին Ուկրաինայի նախագահի լիազորությունները ստանձնած Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է արդեն այս շաբաթ դադարեցնել կրակը երկրի արևելքում: Այս հայտարարությունը հնչել է Սլավյանսկում ուկրաինացի զինվորականների և անջատականների միջև նոր բախումների ֆոնին:
Պոռոշենկոյի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել պետական սահմանի աշխատանքը՝ ապահովելու համար Դոնբասում բնակվող քաղաքացիների անվտանգությունը՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից:
Խաղաղ պլանի իրականացման հանձնաժողովի նիստում, որին մասնակցել են Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Պավել Կլիմկինը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հաիդի Տալյավինին և Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, Պոռոշենկոն հայտարարել է, որ կողմերը պետք է աշխատեն այն պայմանավորվածությունները կատարելու ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել Նորմանդիայում՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպման ժամանակ:
‘