‘
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հրամանագիր է արձակել՝ գործարար Իգոր Կոլոմոյսկուն Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավարի պաշտոնից հեռացնելու մասին, հաղորդում է նախագահի կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ Պոռոշենկոն հրամանագիրը ստորագրել է Կոլոմոյսկու հետ անձնական հանդիպման ընթացքում, և վերջինս ինքն է խնդրել ազատել իրեն այդ պաշտոնից:
Անցյալ շաբաթ օլիգարխին նկատողություն էր հայտարարվել՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին հայհոյելու համար: Իսկ մարտի 19-ին Գերագույն ռադան ընդունել էր լրացումներ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում, որոնք Իգոր Կոլոմոյսկուն զրկում են էներգետիկ ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողությունից:
Պոռոշենկոյի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ երեքշաբթի ուշ երեկոյան, Կոլոմոյսկու հետ հանդիպումից հետո, նախագահը ստորագրել է բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը: Փոխանցում է BBC-ն:
‘